


Արմինֆո. Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում մի շարք արևմտամետ հասարակական կազմակերպություններ: Նրանք պահանջում են դուրս բերել ռուսական ռազմակայանը Հայաստանից։
Դեպքի վայր են բերվել ոստիկանության մեծ ուժեր։ Նրանք շրջափակել են ռազմական օբյեկտի մուտքերը։ Ռուսական ռազմակայանի տարածքից հնչում են հայկական և ռուսական հայրենասիրական երգեր:
Զուգահեռաբար ընթանում է "Մայր Հայաստան" կուսակցության կազմակերպած ռուսամետ ակցիան՝ ի պաշտպանություն ռուսական ներկայության պահպանման։ Ակցիայի ռուսամետ մասնակիցներն ընդգծում են, որ ռազմակայանի դուրսբերումն ուզում են թուրքաֆիլները։ "Հայ-թուրքական սահմանի 311 կմ-ը նրա՞նք հսկելու են։ Թույլ չենք տա դուրս բերում", - վրդովվել է ակցիայի մասնակիցներից մեկը։ Ռուսամետ ակցիայի մասնակիցներն ընդգծել են, որ որևէ մեկին չի հաջողվի սեպ խրել հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների մեջ, և ռազմակայանի առկայությունը բխում է Հայաստանի Հանրապետության շահերից: Նրանց ձեռքերում Հայաստանի և Ռուսաստանի դրոշներն են, պաստառներ՝ "Ոչ Հայաստանի թուրքացմանը" գրառումով։



