
Արմինֆո. Մի շարք միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ համատեղ նամակով դիմել են Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհաննես Վադեֆուլին ՝ կոչ անելով ակտիվացնել ջանքերը՝ նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի միջև արդար խաղաղության գործընթացին:
Գերմանիայի ԱԳ նախարարին հասցեագրված դիմումը ստորագրել են Սպառնալիքի տակ գտնվող ժողովուրդների պաշտպանության միությունը (STP), Գերմանիայի հայերի կենտրոնական խորհուրդը (ZAD), "Ճանաչումն ընդդեմ ցեղասպանության, հանուն միջազգային փոխըմբռնման" (AGA) աշխատանքային խումբը, Մարդու իրավունքների միջազգային ընկերությունը (ISHR), Միջազգային քրիստոնեական համերաշխությունը (CSI) եւ Հալածվող քրիստոնյաների Ստեֆանուսի հիմնադրամը:
Հայտարարության մեջ նշվում է, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ-ի միջնորդությամբ երկու պետությունների միջև ձեռք բերված համաձայնությունն էական բացթողումներ ունի:
"Իրական խաղաղությունն անհնար է առանց Լեռնային Ղարաբաղից/Արցախից բռնի տեղահանված հայերի իրավունքների և անվտանգության պաշտպանության։ Ուստի, մենք կոչ ենք անում Գերմանիայի կառավարությանը Եվրամիության և նրա անդամ պետությունների հետ համատեղ ակտիվ և սկզբունքային դեր խաղալ այդ կարևորագույն խաղաղության գործընթացում",-ասվում է ուղերձում:
"Առանց 2023 թվականին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղից ավելի քան 100.000 հայերի բռնի տեղահանության մասին հստակ հայտարարությունների և առանց այդ մարդկանց համար հեռանկարների սահմանման, տևական խաղաղությունն անհնար է", - նախազգուշացնում է STP-ի mարդու իրավունքների բաժնի ղեկավար Սառա Ռայնկեն:
Հայերի կենտրոնական խորհրդի նախագահ Ջոնաթան Սpանգենբերգն, իր հերթին, Ադրբեջանից պահանջել է անհապաղ ազատ արձակել ավելի քան 23 հայ քաղաքացիական անձանց, ռազմագերիներին և Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաներին, որոնք դեռևս պահվում են Ադրբեջանում:
"Հայ քաղաքական առաջնորդների դեմ քաղաքական դրդապատճառներով դատավարությունները պետք է դադարեցվեն",- նշել է նա։ "Ճանաչումն ընդդեմ ցեղասպանության, հանուն միջազգային փոխըմբռնման" աշխատանքային խմբի անդամ Թեսա Հոֆմանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանում շարունակում են թափ հավաքել քաղաքական բռնաճնշումները։ "Հասարակական կազմակերպությունների գործունեությունը խիստ սահմանափակ է։ Մոտ 200 մարդ անազատության մեջ է որպես քաղբանտարկյալ։ 2025 թվականի հունիսի 20-ին ութ լրագրողներ, այդ թվում ՝ Պրահայում դոկտորանտուրայում սովորող քաղաքագետ Բահրուզ Սամեդովը, դատապարտվել են 7,5-15 տարվա ազատազրկման ։ Նրա գործը խաղաղարար մտավորականության համակարգված քրեականացման վառ օրինակ է", - հավելել է իրավապաշտպանը։