


Արմինֆո. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) զորավարժություններն ընթացիկ տարում կանցնեն բարդ աշխարհաքաղաքական իրադրությունում: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը, հավելելով, որ միջոցառումներն ուղղված չեն լինելու երրորդ երկրների դեմ:
"Համատեղ նախապատրաստությունը 2025 թվականին անցկացվում է շատ բարդ ռազմաքաղաքական իրադրությունում։ Միջազգային հարաբերությունների ողջ համակարգի ճգնաժամը զգալիորեն ակտիվացրել է գլոբալ վերակազմավորման գործընթացները, հրահրել է աշխարհաքաղաքական իրավիճակի սրացումներ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պատասխանատվության գոտում և ամբողջ աշխարհում", - ասել է նա։
Սերդյուկովը նաև նշել է, որ անցկացվող բոլոր միջոցառումներն ու զորավարժությունները պլանային են, ուղղված չեն երրորդ երկրների դեմ և նպատակ ունեն բարելավել կառավարման մարմինների և զորքերի ներդաշնակությունը, ինչպես նաև պահպանել ուժերի և միջոցների պատրաստվածությունը Հավաքական անվտանգության ապահովման շահերից բխող խնդիրների կատարման համար:
"Ընդ որում, հաշվի առնելով երկարաժամկետ պլանավորումը եւ ստեղծված իրավիճակը, ընթացիկ տարում հիմնական շեշտը դրվել է Հավաքական անվտանգության արեւելաեվրոպական եւ կենտրոնաասիական տարածաշրջանների վրա",- հավելել է նա, հաղորդում Է ՏԱՍՍ - ը:
Հիշեցնենք, որ Հայաստանը կասեցրել է իր անդամությունը կազմակերպությանը և արդեն երեք տարի չի մասնակցում ՀԱՊԿ զորավարժություններին



