


Արմինֆո. Թե տեսականորեն, թե գործնականում խաղաղությունն անհնար է առանց Ղարաբաղյան շարժումից հրաժարվելու։ Այս մասին օգոստոսի 21-ին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում։
Նա հիշեցրեց, որ այդ մասին խոսել է դեռևս Ազգային ժողովի ամբիոնից, հանրությանը տեղեկացնելով, որ հենց այդ կուրսով է առաջնորդելու Հայաստանը: "Եվ եթե Հայաստանի քաղաքացիները որոշեն, որ այդպես չպետք է լինի, ես՝ անձամբ, նրանց կոչ եմ անում հեղափոխություն անել։ Կարծում եմ, որ աշխարհում, իմ կարծիքով, ես միակ վարչապետն եմ, ով իր իսկ երկրում կոչ է անում հեղափոխություն իրականացնել, եթե կա անհամաձայնություն կառավարության հայտարարած ռազմավարության հետ", - նշել է Փաշինյանը։ Այդ առնչությամբ վարչապետը նշել է, որ քաղաքացիները չեն գնացել հեղափոխության, քանի որ համակարծիք են եղել իր հետ։
Ընդ որում, նա նշել է, որ որոշ շրջանակներ ղարաբաղյան շարժումը որպես հարմար սողանցք են օգտագործել ինքնիշխանության, անկախության, պետականության կայացման, Հայաստանի բարեկեցության դեմ: "Եվ պետք է խոստովանել, որ արդյունավետ օգտագործվել են", - ասել է Փաշինյանը։ Վարչապետը նաև հայտարարել է, որ քաղաքացիները գոհունակությամբ են ընդունել Ադրբեջանի հետ խաղաղության հաստատումը, ինչի մասին կան բազմաթիվ վկայություններ, և՝ ոչ մի հերքող փաստ:



