
Արմինֆո. "Պատիվ ունեմ" ընդդիմադիր խմբակցության նախկին պատգամավոր, այժմ Ազգային ժողովի անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանի ղեկավարած "Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե" հասարակական կազմակերպությանը տարածք կփոխանցվի Կոտայքի մարզում: Տարածքում նախատեսվում է կառուցել Համահայկական խաղերի մարզական գյուղ, որը կծառայի որպես մարզիկների բնակության վայր Համահայկական խաղերի (ձմեռային և ամառային) ժամանակ:
Ինչպես ասվում է որոշման հիմնավորման մեջ, «Ջրվեժ» անտառպարկը հիմնադրվել է 1977 թվականին, այն գտնվում է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի հարավ-արևմտյան մասում` Աբովյանի տարածաշրջանում 1400 մ բարձրության վրա: ««Ջրվեժ» անտառպարկի ստեղծման հիմնական նպատակն արհեստական պայմաններում աճեցված տեղական և 100-ից ավելի ներմուծված ծառաթփային տեսակների, պարտեզային ձևերի և դարավանդավորված տեղանքի հետ համադրվող տնտեսական, գեղազարդային և գիտական նշանակություն ունեցող պարկաշինության եզակի նմուշների պահպանության, վերարտադրության, նրանց էկոլոգիական առանձնահատկությունների ուսումնասիրության իրականացումն է, ինչպես նաև ընտրված և կլիմայավարժեցված լավագույն տեսակների ներդրումը կանաչ շինարարության տարբեր բնագավառներում: Անտառպարկում աճում են նաև ՀՀ Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ և անհետացող 21 բուսատեսակներ (սոսի արևելյան, գիհի բազմապտուղ, գիհի կազակական, նշենի սովորական և այլն): Բնական ֆլորան կազմված է ավելի քան 300 բարձրակարգ ծաղկավոր բուսատեսակներից: Այս գոտու համար բնորոշ մնացորդային էկոհամակարգերում տարածված են Հայաստանի համար էնդեմիկ հանդիսացող 11 տեսակի բզեզներ:
«Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե»-ի միջոցով ֆինանսավորվելու է «Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե» հասարակական կազմակերպության կանոնադրական նպատակներին համապատասխան ավանի պահպանման ծախսերը և ավանը օգտագործվելու է որպես Համահայկական խաղերի անցկացման, իսկ խաղերից դուրս՝ երիտասարդական տարբեր հավաքների, Հայաստան-Սփյուռք բազմաբովանդակ միջոցառումների, հանգստի և ժամանցի կազմակերպման բազմաֆունկցիոնալ մարզական բազմաբովանդակ ծրագրերի ապահովման միջոց:
«Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե» հասարակական կազմակերպության կողմից առաջին փուլում տեղադրվելու են էկո տնակներ, ճաշարան և բժշկական սպասարկման կենտրոն։ Վերոնշյալ կառույցները չեն ենթադրում հիմնական շինություններ։ Հաջորդ փուլերում նախատեսվում են սպորտային տարբեր հարթակների և մարզասրահների կառուցում։ Յուրաքանչյուր տնակի համար անհրաժեշտ կլինի հարթեցնել 110-120 քմ հողատարածք։ Տնակների հավաքումը նախատեսվում է ոչ անտառածածկ տարածքներում։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմելու է մոտ 20,900,000,000 (քսան միլիարդ ինը հարյուր միլիոն) ՀՀ դրամ։
Ներդրումային ծրագրով նախատեսված միջոցառումների արդյունքում ակնկալվում է, որ «Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե» հասարակական կազմակերպությունը նախատեսված ծրագրային 3 փուլերի ավարտից հետո, ավանի ամբողջական ծանրաբեռնվածության դեպքում, կստեղծվի շուրջ 1240 նոր աշխատատեղ, ինչպես նաև կտնկվի շուրջ 20,000 ծառ։