
Արմինֆո. «Եթե մենք՝ հականիկոլ լիդերությունը, էլի մի որոշ ժամանակ չկարողանանք ինքներս ձևակերպել Հայաստանի հետպատերազմյան վերականգնման բովանդակությունը և դրանով չգնանք դեպի ժողովուրդ, ապա մեր փոխարեն դա կանեն հարևանները՝ իրենց ձևով», - գրել է "Այլընտրանքային նախագծեր" խմբի ղեկավար Վահե Հովհաննիսյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։
«Երեկ, ուղերձի մասին առաջին անոնսից հետո, մարդիկ իրար հարցնում էին, թե ի՞նչ է ասելու Նիկոլը իր ուղերձում։ Մեծ մասը՝ տագնապած, մի մասը՝ հույով։ Նույնիսկ խելոք մարդիկ ամենաանկապ տարբերակներն էին քննարկում։ Ժամանակներն են այդպիսին։
Վերջում պարզվեց, որ Նիկոլը ասում է շատ պարզ մի բան։ Մոտավորապես ասում է՝ ես այլևս չգիտեմ, թե ինչի մասին է Հայաստանը. նկարվեցինք, ստորագրեցինք, ձեռք սեղմեցինք, ցրվեցինք տներով, ու հիմա, սիրելի ժողովուրդ, չգիտեմ՝ ինչ է լինելու, ու ինչի մասին է վաղվա Հայաստանը»։
Մինչև 2018-ը բոլորը, այդ թվում՝ Նիկոլը, գիտեին, որ Հայաստանը հետհաղթանակային փուլի մասին է, որը դժվար է, բարդ է։ Շատ երկար փուլ էր, որը պահանջում էր լիքը բաներ չանել կամ անել, որը պահանջում էր շատ բաներ այլ կերպ անել, բայց փուլը, էպոխան, ֆիքսված հաղթանակի էվոլյուցիոն ամրապնդման մասին էր։ Այլ հարց է, որ մենք չհասկացանք, որ հաղթանակը շատ բարդ բան է ու պահանջում է լուրջ պետական-քաղաքական մտածողություն։
Հիմա Նիկոլը պարզ ասում է՝ ես չգիտեմ, թե ինչի մասին է Հայաստանը։ «Համերգ, քեֆ, ուտել, վիզա, խաղաղության բերկրանք» հասկացանք, բայց այս ամենը պետության հեռանկար և պետական իդեա չի։
Ամբողջ ողբերգությունն այն է, որ այս պահի հականիկոլ ճամբարը, լիդերությունը նույնպես չգիտի՝ ինչի մասին է այսօրվա և վաղվա Հայաստանը։ Իսկ եթե չգիտի, ապա չի կարող սեփական հասարակությանը բացատրել-համոզել-կոնսոլիդացնել։
Մենք հիմա չգիտենք, թե ինչ է նշանակում հետպարտություն երկրի վերականգնում։ Մեր պետական-քաղաքական միտքը չի ձևակերպում հետպատերազմյան վերականգնման մեր նպատակները, փուլերը, տեսլականը։ Հենց սա է պատճառը, որ պատերազմից անգամ տարիներ հետո մեր պարտությունը շարունակվում է, ու մենք արդեն մեզ ենք պարտվոււմ։ Սա էլ չենք հասկանում։ Մի պահից սկսած՝ թուրքը չի մեզ հաղթում, մենք ենք մեզ պարտություն բերում։ Ու սա լինելու է այնքան ժամանակ, քանի դեռ որևէ քաղաքական միավոր, դաշինք, թիմ չի ձևակերպելու հետպարտության, հետպատերազմյան վերականգնման ծրագիրը, փուլերը, նպատակները, տեսլականը։
Քանի սա չի արվել՝ մենք աշխարհում ոչ մեկին հետաքրքիր չենք, պետք չենք։ Մեր հայրենիքը պարբերաբար ընկալվելու է որպես այլոց հաշիվներ պարզելու կամ ինչ-որ մեկի համար մրցանակ ստանալու միջոց։
Քանի դեռ մենք չգիտենք, թե ինչի մասին է պարտությունից հետո, այս վիճակով, մեր պետությունը, մեր հավաքական և լիդերային միտքը ինչպես է ձևակերպում Հայաստանի վաղվա օրվա նպատակները, Նիկոլը կարող է մնալ իշխանության ու մարդ բռնել, որոնց մի մասը նույնիսկ չհասկանա էլ, թե իրեն ինչու են բռնել, կարող է ելույթներ ունենալ, կարող է էլի զիջումներ անել ու էլի համոզել, որ սա խաղաղության բերկրանքն է։
Քաղաքականությամբ «չզբաղվողներին» և հասարակության լայն-իներտ շերտերին պետք է բացատրել, թե ինչ է նշանակում ապրել մի երկրում, որի վաղվա բովանդակությունը և հեռանկարը չի ձևակերպվում։ Դա իսկապես վախենալու է։
Եթե մենք՝ հականիկոլ լիդերությունը, էլի մի որոշ ժամանակ չկարողանանք ինքներս ձևակերպել Հայաստանի հետպատերազմյան վերականգնման բովանդակությունըև դրանով չգնանք դեպի ժողովուրդ, ապա մեր փոխարեն դա կանեն հարևանները՝ իրենց ձևով», - ընդգծել է Վահե Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձակուրդից հետո առաջին աշխատանքային օրը ուղերձ է հղել ժողովրդին: Նրա ասելով՝ օգոստոսի 8-ի վաշինգտոնյան եռակողմ հանդիպումից հետո Հայաստանի ժողովուրդն ապրում է "նոր Հարավային Կովկասում և նոր հանրապետությունում"։ Այնուհետև, նշելով տրանսպորտային երթուղիների բացման անհրաժեշտությունը, հայտարարել է, որ պետք է ավարտին հասցնել պետական սահմանի հստակեցումը, սահմանազատումը և սահմանագծումը: Եվ, խոսելով 2021-2023 թվականներին թշնամու կողմից օկուպացված ավելի քան 200 քկմ Հայաստանի ինքնիշխան տարածքի վերադարձի մասին, Փաշինյանը դրանք վերադարձնելու փաստը հավասարեցրել է, այսպես կոչված, ադրբեջանական անկլավները Բաքվին հանձնելու հետ, սակայն ոչ մի խոսք չի ասել նախորդ դարի 90-ականների սկզբին ադրբեջանական կողմի օկուպացրած հայկական տարածքների մասին։ "Այս իրողությունը պետք է լուծվի սահմանազատման գործընթացում ։ Բայց խաղաղության տրամաբանությունը, նոր տրամաբանությունն այն է, որ երբ մենք խոսում ենք Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների մասին, որոնք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ, պետք է նաև ասենք, որ կան Ադրբեջանի ինքնիշխան տարածքներ, որոնք գտնվում են մեր վերահսկողության տակ, և այդ փոխադարձ հարցը պետք է լուծվի սահմանազատման գործընթացում", - ասել է Փաշինյանը։ Հայաստանի կառավարության ղեկավարը նաև անիրատեսական է համարել արցախցի փախստականների՝ Լեռնային Ղարաբաղ վերադարձի գաղափարը: