
Արմինֆո. "Տաշիր" ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանը նոր՝ թվով երրորդ հայցն է ներկայացրել բլոգեր Ռոման Բաղդասարյանի դեմ: Այդ մասին հայտնի է դարձել «Դատալեքս» դատատեղեկատվական համակարգից։
Հայցը դատարան է ներկայացվել օգոստոսի 15-ին։ Կարապետյանը դատարանին խնդրում է Բաղդասարյանին պարտավորեցնել հրապարակավ ներողություն խնդրել Սամվել Կարապետյանից և Բաղդասարյանից բռնագանձել 3 միլիոն դրամ՝ որպես վիրավորանքի փոխհատուցում, ինչպես նաև բլոգերից բռնագանձել Սամվել Կարապետյանի օգտին դատական ծախսերի գումարը, որը բաղկացած է պետական տուրքից և փաստաբանի ողջամիտ հոնորարից:
Նշենք, որ մինչ այդ Կարապետյանը ևս երկու հայց էր ներկայացրել Բաղդասարյանի դեմ: Հուլիսի 8-ի հայցի շրջանակում հայցվորը պատասխանողից պահանջում է հրապարակայնորեն հերքել 18.06.2025 թ. վերջինիս պաշտոնական էջում շարադրված տեղեկությունները, որպես զրպարտության դիմաց փոխհատուցում բռնագանձել 6 մլն ՀՀ դրամ, ինչպես նաև դատական ծախսերի գումարը, որը բաղկացած է պետական տուրքից և փաստաբանների ողջամիտ հոնորարներից:
Հիշեցնենք, որ սոցցանցի իր հրապարակման մեջ բլոգերը նշել էր, որ Կարապետյանը տարեկան մոտ 115-120 միլիոն դոլար է վաստակում միայն էլեկտրաէներգիայի հաշվին: Նա նաև նշել էր, թե, իբր, ընկերության բյուջեն թալանվում է. աշխատակիցներին միտումնավոր նվազագույն աշխատավարձ են վճարում, իսկ գումարի մի մասը ծրարներով են տալիս, որպեսզի ավելի քիչ հարկեր վճարեն։ Բլոգերը նշել էր նաև "դպրոցների և այլ շենքերի շինարարության ժամանակ կատարված լայնածավալ հափշտակությունները", այն, որ "կրկեսի շենքը չի շահագործվում գրեթե 15 տարի: Այնտեղ անվերջ վերանորոգման քողի տակ տեղի է ունենում փողերի լվացում"։ Բաղդասարյանն իր ընթերցողին տեղեկացրել է նաեւ այն մասին, որ "ռուսական եւ ուկրաինական ԶԼՄ-ների տվյալներով, Տաշիրի Սամոյի զարմիկն իր հորեղբոր փողերով հովանավորում է շուրջ 2000 հայ վարձկանների: Նրանցից 450-ը Ղարաբաղի բնակիչներ են։ Ա. Սարուխանյանը (հրամանատար), Վագիֆը (Սամվել Բաբայանի չորրորդ գումարտակի մարտիկ) և Մ.Սահակյանը զբաղվում են ղարաբաղցիների հավաքագրմամբ":
Հուլիսի 22-ի հայցը համանման բովանդակություն ունի։ Այդ հայցով դատարանը Բաղդասարյանից հօգուտ Կարապետյանի կարող է բռնագանձել 9 մլն դրամ ՝ որպես զրպարտության և վիրավորանքի փոխհատուցում, ինչպես նաև դատական ծախսերի գումար, որը բաղկացած է պետական տուրքից և փաստաբանի ողջամիտ հոնորարից: