
Արմինֆո. «Լավ իմանալով, որ գտնվում ենք երկու հզոր բանակների մշտական նշանառության տակ, թույլ ենք տալիս, որ մեզ խաբեն՝ փոխադարձության մասին հեքիաթներ պատմելով», - Facebook-ի իր էջում գրել է "Լուսավոր Հայաստան" կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերին։
«Կողմերը որևէ երրորդ կողմի ուժեր իրենց համատեղ սահմանի երկայնքով չեն տեղակայի։ Կողմերը, մինչև իրենց փոխադարձ սահմանի սահմանազատումը և դրան հաջորդող սահմանագծումը, կիրականացնեն անվտանգության և վստահության ամրապնդման փոխհամաձայնեցված միջոցներ, այդ թվում՝ ռազմական ոլորտում՝ սահմանամերձ շրջաններում անվտանգությունն ու կայունությունն ապահովելու նպատակով։
Բազմիցս անդրադարձել եմ այս հոդվածին այն պահից սկսած, երբ հայտարարվեց, որ ՀՀ իշխանությունները գնացել են նաև այդ զիջմանը և ներառել են տվյալ կետը համաձայնագրի տեքստում։
Թեմայի շուրջ խոսելիս միշտ փորձել եմ բացատրել մեր հայրենակիցներին, որ եթե տարիներ անց մեր թոռները կամ ծոռները որոշեն որևէ պետության ռազմաբազա տեղակայել մեր երկրի սահմանամերձ շրջաններում, դա չեն կարողանա իրականացնել, քանի որ խաղաղության համաձայնագրի 7-րդ հոդվածը բացառում է դա։
Ի պատասխան ինձ ասում էին.
– Այո, բայց այդ պահանջը գործելու է փոխադարձաբար։
Ես էլ մշտապես շեշտել եմ և հիմա էլ շարունակում եմ պնդել, որ Ադրբեջանը նման խնդիր չունի։ Նրանց բնակչությունը մեծ է, բանակը հզոր և սինխրոնացված թուրքական բանակի հետ։
Կա ևս մեկ կարևոր հանգամանք, որի մասին չպետք է մոռանալ․ Ադրբեջանի դաշնակից Թուրքիայի կես միլիոնանոց բանակը կանգնած է ընդամենը 40 կիլոմետր հեռավորության վրա։
Այսինքն՝ լավ իմանալով, որ գտնվում ենք երկու հզոր բանակների մշտական նշանառության տակ, թույլ ենք տալիս, որ մեզ խաբեն՝ փոխադարձության մասին հեքիաթներ պատմելով։ Լու՞րջ», - ընդգծել է "Լուսավոր Հայաստանի" առաջնորդը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վաշինգտոնում ստորագրել են "խաղաղության մասին" յոթ կետից բաղկացած համատեղ հռչակագիր: Այն նախատեսում է համատեղ դիմում Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությանը (ԵԱՀԿ) ԵԱՀԿ Մինսկի գործընթացի եւ դրա հետ կապված կառույցների դադարեցման մասին, ինչպես նաեւ Հայաստանի տարածքով տրանսպորտային միջանցքի ստեղծում, որը կմիացնի Ադրբեջանը իր նախիջեւանյան էքսկլավին: TRIPP նախագիծը (Trump Route for International Peace and Prosperity, թարգմանաբար ՝ «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ճանապարհ», Հայաստանի հարավում գտնվող 42 կմ ճանապարհ, որի կառավարումը 99 տարով կտան ԱՄՆ-ին), փորձագետների կարծիքով, կարող է էապես փոխել աշխարհաքաղաքական իրավիճակը Հարավային Կովկասում:
Նույն օրը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը, որը բաղկացած է 17 հոդվածից: Փաստաթղթի նախաբանում ասվում է, որ
Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը, գիտակցելով տարածաշրջանում արդար, համապարփակ և տևական խաղաղության հաստատման հրատապ անհրաժեշտությունը,
ձգտելով նպաստել այդ նպատակի իրականացմանը միջպետական հարաբերությունների հաստատման միջոցով, առաջնորդվելով Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ, «Միավորված ազգերի կանոնադրությանը համապատասխան պետությունների միջև բարեկամական հարաբերությունների և համագործակցության վերաբերյալ միջազգային իրավունքի սկզբունքների մասին» հռչակագրով (1970թ.), Եվրոպայում անվտանգության և համագործակցության Հելսինկյան կոնֆերանսի եզրափակիչ ակտով (1975թ.) և 1991 թվականի դեկտեմբերի 21-ի Ալմաթիի հռչակագրով և նպատակ ունենալով զարգացնել հարաբերությունները նշված փաստաթղթերում ամրագրված նորմերի և սկզբունքների հիման վրա,
արտահայտելով իրենց միջև բարիդրացիական հարաբերություններ հաստատելու փոխադարձ կամքը,
համաձայնել են խաղաղություն և միջպետական հարաբերություններ հաստատել միմյանց միջև: