


Արմինֆո. ՀՀ կառավարությունն օգոստոսի 14-ին հաստատել է "Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների համար կադրերի պատրաստման մասին" համաձայնագիրը հաստատելու մասին " ՀՀ նախագահի հրամանագրի նախագիծը:
Փաստաթղթի հիմնավորման մեջ նշվում է, որ 2024 թվականի դեկտեմբերի 12-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագրի առարկան տվյալ ոլորտում համապատասխան կադրերի պատրաստման կազմակերպման կարգն է ։ Համաձայնագրի ընդունումն ուղղված է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների համար ժամանակակից աշխարհի մարտահրավերներին համապատասխան բարձր մակարդակի կադրերի պատրաստմանը, ինչպես նաև տվյալ ոլորտում կողմերի փոխգործակցության արդյունավետ մեխանիզմների ստեղծմանը:
Համաձայնագրով նախատեսվում է, որ տվյալ ոլորտում մասնակից պետությունների միջև համագործակցությունն իրականացվելու է իրավասու մարմինների միջոցով ՝ մասնակից պետությունների ներքին օրենսդրությանը և միջազգային պարտավորություններին համապատասխան:
Փաստաթուղթը նախատեսում է, որ քրեակատարողական ծառայությունների համար կադրերի պատրաստումն իրականացվելու է ընդունող կողմի ուսումնական հաստատությունների ծրագրերով ՝ վերջինիս օրենսդրությամբ սահմանված չափանիշներին և սահմանափակումներին համապատասխան, իսկ վերապատրաստման համար թեկնածուների ընտրությունն իրականացվելու է ուղղորդող կողմի կողմից: Համաձայնագրի իրականացման հետ կապված ՝ կողմերի ծախսերն իրականացվում են կողմ հանդիսացող պետությունների իրավասու մարմինների կողմից ՝ իրենց գործառույթների իրականացման համար հատկացվող ազգային բյուջեներում նախատեսված միջոցների հաշվին եւ սահմաններում, ինչպես նաեւ կողմերի (նրանց տնտեսավարող սուբյեկտների) կողմից ներգրավվող արտաբյուջետային աղբյուրների հաշվին ՝ ազգային օրենսդրությամբ սահմանված կարգով։
Համաձայնագրով սահմանվում է քրեակատարողական հիմնարկների համար կադրերի պատրաստման հայտերի ներկայացման կարգը:



