


Արմինֆո. «Ա.Վ. Փարթնրզ» ընկերությունը ցանկություն է հայտնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը նվիրաբերել ընկերության 1 մլն 562 հազար ՀՀ դրամ ընդհանուր գումարի ավտոտրանսպորտային գույքը' ի շահ զինված ուժերի օգտագործման համար: Նվիրաբերված գույքն ընդունելու և ՀՀ պաշտպանության նախարարությանն ամրացնելու մասին որոշման նախագիծը կառավարության հավանությանն է արժանացել օգոստոսի 14-ին:
Ինչպես ասվում է փաստաթղթի հիմնավորման մեջ, որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Ա.Վ. Փարթնրզ» ՍՊ ընկերության կողմից Հայաստանի Հանրապետությանը նվիրվող ՈՒԱԶ 316300, ՎԱԶ 315195 և ՎԱԶ 2121 մակնիշի մեքենաների ավտոտեխնիկական ունեցվածքը որպես սեփականություն ընդունելու և ՀՀ պաշտպանության նախարարությանն ամրացնելու անհրաժեշտությամբ:
«ՀՀ պաշտպանության նախարարությունը նպատակահարմար է գտնում նշված գույքի ընդունումը», - ասվում է փաստաթղթում:
Նշենք, որ ըստ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի՝ ՍՊԸ-ն գրանցվել է 2017 թվականի փետրվարի 10-ին: Իրական շահառուն Անդրանիկ Մինասյանն է: Բաց աղբյուրների տվյալների համաձայն՝ 2022 թվականին մեկ անձից գնումների միջոցով Սահմանադրական դատարանը ընկերությունից ձեռք է բերել «տարբեր պահեստամասեր»։ Հասանելիության տիրույթում այլ տվյալներ գտնել չի հաջողվել։



