
Արմինֆո. Թուրքիան և Վրաստանն այսուհետեւ էլ կգործեն միասին։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Անկարայում իր վրացի գործընկեր Միխայիլ Կավելաշվիլիի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ։
«Ես ցանկանում եմ ևս մեկ անգամ վերահաստատել մեր անսասան աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը: Մասնավորապես, մենք ավանդ ենք ներդնում տարածաշրջանային խաղաղությունում ու համագործակցությունում "եռյակի" ձևաչափով մեխանիզմների միջոցով, որոնք մենք ստեղծել ենք Ադրբեջանի և Վրաստանի հետ, հատկապես՝ արտաքին քաղաքականության և անվտանգության բնագավառում։ Մոտ ժամանակներս մենք նախատեսում ենք մեր երկրում անցկացնել "եռյակի" արտգործնախարարների հերթական հանդիպումը։ Մեր խորհրդարանների բացումից հետո մենք նաեւ նախատեսում ենք անցկացնել "եռյակի" խորհրդարանների նախագահների հանդիպում", - ըստ «Անադոլու»-ի՝ հայտարարել է Էրդողանը։
Նա նշել է, որ Վրաստանի նախագահ Կավելաշվիլիի հետ քննարկել են նաեւ Սեւ ծովի անվտանգության, Կովկասում խաղաղ գործընթացների, Ուկրաինայում պատերազմի եւ Գազայի հումանիտար աղետի հարցերը: "Թուրքիան եւ Վրաստանը կշարունակեն գործել միասին ՝ մեր տարածաշրջանում եւ նրա սահմաններից դուրս համագործակցություն, խաղաղություն եւ զարգացում ապահովելու համար: Այն տեսլականը, որը մենք ներկայացրել ենք այսօրվա բանակցությունների ընթացքում, ցույց է տալիս մեր վճռականությունը կառուցելու ոչ միայն ներկան, այլև մեր տարածաշրջանի ապագան", - ասել է Թուրքիայի նախագահը:
Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է, որ Կավելաշվիլիին փոխանցել է իր ակնկալիքները մեսխեթցի թուրքերի անվտանգ և արժանապատիվ հայրենիք վերադարձի վերաբերյալ, ինչը նրանց համար մեծ նշանակություն ունի (ըստ «Անադոլու»-ի՝ նա "հիշեցրել է, որ Վրաստանը մեսխեթցի թուրքերի հայրենիքն է, որոնք իրենց պատմական հողերից տեղահանվել են 1944 թվականի նոյեմբերի 14-ին"):
"Այդ գործընթացի հաջող առաջընթացն ապահովելու համար Թուրքիան այսուհետեւ էլ ամեն տեսակի աջակցություն է ցուցաբերելու։ Ես ցանկանում եմ իմ անկեղծ համոզմունքը հայտնել առ այն, որ Թուրքիայի եւ Վրաստանի միջեւ ռազմավարական գործընկերությունն ավելի կամրապնդվի մեր ժողովուրդների կամքի շնորհիվ", - հայտարարել է նա։