
Արմինֆո. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության մասին հռչակագիրը վերահաստատեց, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իսկապես խաղաղության նախագահ է: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Թեմմի Բրյուսը։
Նրա խոսքով, անցած շաբաթ Թրամփը Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդներին ընդունել էր Սպիտակ տանը, որտեղ նրանք խաղաղության մասին պատմական համատեղ հռչակագիր էին ստորագրել՝ տասնամյակների դաժան հակամարտությունից հետո, որը հսկայական թվով մարդկանց մահվան պատճառ է դարձել: Դա, ինչպես նշել է Բրյուսը, միջազգային դիվանագիտության նշանակալի ձեռքբերում է, բռնության դադարեցումը կարողացել է ապահովել միայն նախագահ Թրամփը: "Երկու առաջնորդները նաև երկկողմ տնտեսական համաձայնագրեր են ստորագրել Միացյալ Նահանգների հետ, որոնք բացահայտում են հարավկովկասյան տարածաշրջանի վիթխարի ներուժը առևտրի, տարանցման, էներգետիկայի, ենթակառուցվածքների և տեխնոլոգիաների ոլորտներում, ինչպես նաև նոր հնարավորություններ են ստեղծում ամերիկյան ժողովրդի և ամերիկյան բիզնեսի համար",-ընդգծել է Թեմմի Բրյուսը:
Պատասխանելով այն հարցին, թե ինչ կձեռնարկի Վաշինգտոնը, եթե Ռուսաստանը կամ Իրանը փորձեն խափանել "Թրամփի երթուղին", Պետդեպարտամենտի ներկայացուցիչը կոչ է արել ենթադրություններ չկառուցել: "Աշխարհը գիտի, որ նախագահ Թրամփին պետք է լուրջ վերաբերվել։ Այդ պայմանավորվածությունը, այդ գործարքը կարևոր են նրա համար։ Դրանք եղել են Սպիտակ տանը։ Դա կարևոր է այս վարչակազմի համար: Դա կարևոր է ողջ աշխարհի համար։ Երկու հարևանները տասնամյակներ շարունակ հակամարտության մեջ են, կարծում եմ ՝ ավելի քան 35 տարի՝ անթիվ կորսված կյանքերով և խեղված սերունդներով: Շատերն են փորձել լուծել խնդիրը՝ եվրոպացիները, ֆրանսիացիները, Պուտինը և, նույնիսկ, Բայդենը, բայց միայն նախագահ Թրամփը կարողացավ հաջողությամբ միավորել այդ երկու երկրները և պայմանավորվել այս պատմական խաղաղության շուրջ: Այդ պատճառով՝ ես կարծում եմ, որ աշխարհը գիտի, որ նա հանձնառու է երկրների միջև երկարաժամկետ, կայուն խաղաղությանը, անկախ այն բանից, թե որքան են տևում հակամարտությունները կամ թշնամանքը: Նա կանի անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի առավելագույնս արդյունավետ օգտագործի Միացյալ Նահանգների նախագահի իր դիրքը և կանգնեցնի պատերազմները", - նշել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վաշինգտոնում ստորագրել են "խաղաղության մասին" յոթ կետից բաղկացած համատեղ հռչակագիր: Այն նախատեսում է համատեղ դիմում Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությանը (ԵԱՀԿ) ԵԱՀԿ Մինսկի գործընթացի եւ դրա հետ կապված կառույցների դադարեցման մասին, ինչպես նաեւ Հայաստանի տարածքով տրանսպորտային միջանցքի ստեղծում, որը կմիացնի Ադրբեջանը իր նախիջեւանյան էքսկլավին: TRIPP նախագիծը (Trump Route for International Peace and Prosperity, թարգմանաբար ՝ «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ճանապարհ», Հայաստանի հարավում գտնվող 42 կմ ճանապարհ, որի կառավարումը 99 տարով կտան ԱՄՆ-ին), փորձագետների կարծիքով, կարող է էապես փոխել աշխարհաքաղաքական իրավիճակը Հարավային Կովկասում:
Նույն օրը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը, որը բաղկացած է 17 հոդվածից: Փաստաթղթի նախաբանում ասվում է, որ
Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը, գիտակցելով տարածաշրջանում արդար, համապարփակ և տևական խաղաղության հաստատման հրատապ անհրաժեշտությունը,
ձգտելով նպաստել այդ նպատակի իրականացմանը միջպետական հարաբերությունների հաստատման միջոցով, առաջնորդվելով Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ, «Միավորված ազգերի կանոնադրությանը համապատասխան պետությունների միջև բարեկամական հարաբերությունների և համագործակցության վերաբերյալ միջազգային իրավունքի սկզբունքների մասին» հռչակագրով (1970թ.), Եվրոպայում անվտանգության և համագործակցության Հելսինկյան կոնֆերանսի եզրափակիչ ակտով (1975թ.) և 1991 թվականի դեկտեմբերի 21-ի Ալմաթիի հռչակագրով և նպատակ ունենալով զարգացնել հարաբերությունները նշված փաստաթղթերում ամրագրված նորմերի և սկզբունքների հիման վրա,
արտահայտելով իրենց միջև բարիդրացիական հարաբերություններ հաստատելու փոխադարձ կամքը,
համաձայնել են խաղաղություն և միջպետական հարաբերություններ հաստատել միմյանց միջև: