


Արմինֆո.Նուբարաշենի աղբավայրն անթույլատրելի է բոլոր առումներով՝ ինչպես սոցիալական, առողջապահական, բնապահպանական, այնպես էլ քաղաքաշինության տեսանկյունից։ Լրագրողներին նման գնահատական է հայտնել Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը՝ մեկնաբանելով օրեր առաջ աղբավայրում բռնկված հրդեհը։
Նա նշել է, որ կառավարությունը քաղաքապետարանի հետ միասին և մասնավոր հատվածի ներգրավմամբ պետք է լուծի աղբավերամշակման գործարանի կառուցման հարցը: Այդ առննչությամբ Արեյանը Նուբարաշենի աղբավայրը անվանել է "քաղաքի սրտում կախված սպառնալիք" ։ Քաղաքապետի խորհրդականը տեղեկացրել է, որ այս պահին հրդեհի բաց օջախներ չկան, սակայն աղբավայրը շարունակում է ծխալ:
Միաժամանակ, նա նշել է, որ 2 օրվա ընթացքում հրդեհը մարելու նպատակով աղբավայրը հողով է ծածկվել՝ 560 մեքենայի օգնությամբ, բացի այդ, գործի է դրվել 30 միավոր տեխնիկա:
Հիշեցնենք, որ դեռևս 2023 թվականին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ուշադրություն էր հրավիրել աղբահանության խնդրի վրա, որի շրջանակներում նախատեսվում է ամբողջությամբ կոնսերվացնել Նուբարաշենի աղբավայրը, ինչի համար կպահանջվի չորս տարի։ Փոխարենը՝ նախատեսվում է կառուցել աղբավերամշակման գործարան։
Նշենք, որ Նուբարաշենի աղբավայրը Երևանում գործում է 1950-ական թվականներից և գտնվում է քաղաքի կենտրոնից 10կմ հեռավորության վրա: Դրա տարածքն ընդգրկում է ավելի քան 50 հա։ Տարբեր գնահատականներով՝ ամեն տարի աղբավայր է մտնում ավելի քան 400 հազար տոննա աղբ ։
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ



