


Արմինֆո.Վաշինգտոնյան իրադարձություններից անմիջապես հետո Ալիևը իր հարցազրույցում կրկին խոսել է ՀՀ սահմանադրության փոփոխման իրենց պահանջի մասին, իսկ այսօր դրա մասին խոսել է Ալիևի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը՝ NE Global-ին տված հարցազրույցում։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:
Էլչին Ամիրբեկովը, մասնավորապես, նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի տորագրման և վավերացման համար Բաքուն սպասում է Հայաստանի սահմանադրության մեջ փոփոխությունների՝ նպատակ ունենալով վերացնել «Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունները, որոնք մինչ օրս այնտեղ առկա են»։
«Հիմա ես հարց ունեմ, արդյոք մենք կարող ենք պահանջել Ադրբեջանի հանրակրթական դպրոցական դասագրքերի փոփոխություն։ Այնտեղ, օրինակ, 5-րդ դասարանի դասագրքում գրված է․ «Հայկական ԽՍՀ-ն ստեղծվել է պատմական ադրբեջանական հողերի արևմտյան մասում: Հետագայում Մոսկվայի ղեկավարությունը Ադրբեջանական ԽՍՀ-ին պատկանող հողերի մի մասը, ներառյալ Շարուր-Դերելայազը և Արևմտյան Զանգեզուրը, փոխանցեց Հայկական ԽՍՀ-ին: Արդյունքում Ադրբեջանը բաժանվեց Նախիջևանից: Մեր հայրենակիցները, որոնք բռնի կերպով տեղահանվել էին իրենց պապենական հողերից, հետագայում ձևավորեցին Արևմտյան Ադրբեջանի համայնքը: Այս համայնքը միջազգային կազմակերպություններում պաշտպանում է Արևմտյան Ադրբեջանում մեր պատմական ժառանգության պահպանումը և տեղահանված բնակչության իրավունքները: Նրանք շարունակում են պայքարել իրենց հայրենիք վերադառնալու համար․․․»։
Հիմա սա ի՞նչ է, եթե ոչ ՀՀ-ի հանդեպ պետական մակարդակով քարոզվող զավթողական ծրագիր, որով մի ամբողջ սերունդ է կրթվում Ադրբեջանում։ Ի գիտություն ասեմ, որ դասագրքերը փոփոխության են ենթարկվել 2020 թվականից հետո, ինչի հետ կապված ես ևս մեկ անգամ կկիսվեմ իմ հետազոտությամբ», - գրել է Տաթեւիկ Հայրաապետյանը։



