


Արմինֆո. Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։
Հայաստանի վարչապետի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, վարչապետն ԻԻՀ նախագահին ներկայացրել է ս/թ օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշիգնտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, շեշտադրելով այն հնարավորությունները, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը բացում է տարածաշրջանի համար։
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ տարածաշրջանային հաղորդուղիները գործելու են երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության սկզբունքների շրջանակում և փոխադարձության հիման վրա։
Վարչապետն Իրանի նախագահին շնորհակալություն է հայտնել վաշինգտոնյան համաձայնությունների մասին օբյեկտիվ գնահատականներով հանդես գալու համար և ընդգծել ԻԻՀ նախագահի՝ առաջիկայում Հայաստանի Հանրապետություն կատարելիք այցի կարևորությունը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վաշինգտոնում ստորագրել են յոթ կետից բաղկացած համատեղ "խաղաղության հռչակագիր": Այն նախատեսում է Հայաստանի տարածքով տրանսպորտային միջանցքի ստեղծում, որն Ադրբեջանը կկապի իր նախիջեւանյան էքսկլավի հետ, որը շրջապատված է Հայաստանով, Թուրքիայով եւ Իրանով։ TRIPP նախագիծը (Trump Route for International Peace and Prosperity, թարգմանաբար ՝ "Թրամփի երթուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման"), փորձագետների կարծիքով, կարող է էապես փոխել աշխարհաքաղաքական իրավիճակը Հարավային Կովկասում:



