


Արմինֆո. Օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան հռչակագիրը դուռ է բացում Բաքվի կողմից հետագա շահարկումների համար։ Նման կարծիք է հայտնել իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ Վաշինգտոնում ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հռչակագրի ստորագրման առնչությամբ, որն ուղղված է Երևանի և Բաքվի միջև հակամարտության կարգավորմանը:
«Օգոստոսի 8-ի վաշինգտոնյան հռչակագրում Հայաստանի համար հետագա խնդիրներ ստեղծելու բացասական ներուժ ունեցող սահմանումներից մեկն այդ փաստաթղթի երրորդ կետի այս հատվածն է.
«Այս ջանքերը կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը, Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով»։
Բանն այն է, որ Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը և նրա ողջ պետական մեքենան մինչև այս «անխոչընդոտ» բառն արդեն իսկ մեկնաբանել է՝ որպես ազատ, առանց որևէ ստուգման և խոչընդոտի հաղորդակցության ապահովում Հայաստանի Սյունիքի մարզով Բաքվի և Նախիջևանի միջև։ Թեև նույն կետում արձանագրված Հայաստանի համար «փոխադարձ առավելություններ» բառակապակցությունը փորձ է հավասարակշռելու վերոնշյալ «անխոչընդոտ» բառով տրված հեղհեղուկ սահմանումը, սակայն Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից հետագա շահարկումների դուռը բաց է թողնված, իսկ այն կարող էր նույն այս փաստաթղթում փակվել, եթե, դիցուք, լիներ «Հայաստանի համար նույն պայմաններով» ձևակերպումը։
Իսկ ամենահեշտ և Բաքվի բռնապետության կողմից մեքենայությունների խնդիրը փակող ձևակերպումը կարող էր լինել շատ պարզ՝ «կողմերը պարտավորվում են բացել հաղորդակցության բոլոր ուղիները», - գրել է իրանագետը՝ իր տելեգրամյան ալիքում։



