


Արմինֆո. Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը վստահեցնում է, որ ադրբեջանական գերությունից հայերին ազատելու հարցը Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկվել է հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ:
«Համացանցում անհեթեթության հասնող ենթադրություններ են շրջանառվում, թե իբր վարչապետ Փաշինյանը Վաշինգտոնում դեմ է արտահայտվել Ադրբեջանում անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների կամ նրանց մի մասի վերադարձին։
Վարչապետը բազմիցս նշել է, որ ՀՀ ներկայացուցիչները տարբեր ձեւաչափերի իրենց հանդիպումներում շարունակաբար բարձրացնում են այդ հարցը եւ փնտրում լուծումներ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը հարցը քննարկման առարկա է դարձել հենց վարչապետ Փաշինյանի նախաձեռնությամբ։ Ընդ որում, վարչապետը հարցի մասին խոսել է ամբողջության մեջ եւ ոչ թե մասնակի», - գրել է Բաղդասարյանը
Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին Սպիտակ տանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ երկկողմ հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է աջակցել ադրբեջանական բանտերում պահվող 23 հայերի ազատ արձակմանը: Թրամփը հիշատակել է Բաքվում գերության մեջ գտնվող 23 քրիստոնյա հայերի մասին և ընդգծել, որ կխնդրի Ալիևին բաց թողնել նրանց: «Կարծում եմ՝ նրանք դա կանեն ինձ համար: Դա կարևոր է, այնպես չէ՞» - դիմել է նա Փաշինյանին։



