


Արմինֆո. Իրանի Իսլամական Հանրապետությունը (ԻԻՀ) ուշադրությամբ հետևում է Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին և այդ հարցերի շուրջ կապ է պահպանում հարևան Հայաստանի և Ադրբեջանի հետ: Ինչպես հաղորդում է Հայաստանի հանրային հեռուստատեսությունը, այդ մասին ասվում է Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ:
"Անկասկած, Կովկասում խաղաղությունն ու կայունությունը համապատասխանում են տարածաշրջանի բոլոր երկրների շահերին։ Իրանի Իսլամական Հանրապետությունը, ողջունելով երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի տեքստում փոփոխությունները, իրադարձությունների նման զարգացումը կարևոր քայլ է համարում տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու ճանապարհին: Միևնույն ժամանակ, մենք մտահոգություն ենք հայտնում ցանկացած ձևով աամեն մի արտաքին միջամտության բացասական հետևանքների վերաբերյալ, հատկապես՝ ընդհանուր սահմանների մոտ, որը կարող է վնաս հասցնել տարածաշրջանի անվտանգությանը և կայունությանը», - ասվում է հայտարարության մեջ:
Ըստ Իրանի ԱԳՆ՝ տարածաշրջանում հաղորդակցության երթուղիների ստեղծումը և տրանսպորտային ցանցերի ապաշրջափակումը կծառայեն տարածաշրջանի ժողովուրդների կայունությանը, անվտանգությանը և տնտեսական զարգացմանը ՝ փոխադարձ շահերի շրջանակներում տարածաշրջանի երկրների ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման պայմանով:
"Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է շարունակել փոխադարձ շահերի վրա հիմնված կառուցողական համագործակցությունը ինչպես Ադրբեջանի Հանրապետության, այնպես էլ Հայաստանի Հանրապետության հետ ՝ տարածաշրջանում խաղաղության, կայունության և տնտեսական զարգացման պահպանման համար, ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային համագործակցության ձևաչափերի շրջանակներում, ինչպիսին է «3+3» մեխանիզմը", - նշել են Իրանի ԱԳՆ-ում:



