


Արմինֆո. Ձերբակալվել է Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Վարդան Հարությունյանը: Այդ տեղեկությունն ԱրմԻնֆո-ի թղթաաակցի հետ զրույցում հաստատել է Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:
"ՊԵԿ նախկին բարձրաստիճան աշխատակիցը ձերբակալվել է Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակում՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցության, հակամրցակցային գործունեության և փողերի լվացման մեղադրանքով", - հաղորդել է Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղարը:
Հիշեցնենք, որ Վարդան Հարությունյանը ՀՀ պետական եկամուտների կոմիտեն գլխավորել է 2016-2018 թվականներին: Մինչ այդ նա "Գազպրոմ Արմենիա" ընկերության ղեկավարն էր:
Ավելի վաղ հայկական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Հարությունյանին մեղսագրվող արարքի հիմքում ընկած է ՊԵԿ-ի ղեկավարության շրջանում նրա կողմից Norfolk Consulting ընկերության բացումը, որի միջոցով իրականացվել են իրավապահների տեսանկյունից ապօրինի գործողություններ:
Եղած տեղեկությունների համաձայն, Հակակոռուպցիոն դատարանը քննում է ՊԵԿ նախկին նախագահին կալանավորելու հարցը:



