


Արմինֆո. ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, փոխնախարար Վարդան Կոստանյանի, Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սեդրակյանի, «Վեոլիա Ջուր» ընկերության տնօրեն Մարիաննա Շահինյանի, մարզպետների ու համայնքապետերի հետ նախօրեին այցելել են Կոտայքի, Արագածոտնի և Արմավիրի մարզեր։
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են Հայաստանի ջրային կոմիտեի մամուլի ծառայությունից, այցի նպատակն էր տեղում հետևել «Վեոլիա Ջուր»-ի կողմից իրականացվող աշխատանքներին՝ ջրամատակարարման քայքայված ցանցի վերակառուցման ուղղությամբ։
Հաղորդագրության համաձայն, Քասախում վերակառուցվում է մոտ 18.4 կմ ջրագիծ, կառուցվում են 900 ջրաչափական հանգույցներ ու 4.5 կմ մուտքագիծ. ակնկալվող խնայողությունը՝ 30 լ/վրկ։ Պռոշյանում նորացվում է մոտ 20.6 կմ ջրագիծ, 1200 հանգույց, 7.2 կմ մուտքագիծ. ակնկալվում է խնայել 40 լ/վրկ ջուր ու ապահովել կանոնավոր ջրամատակարարում։ Սասունիկում (Աշտարակ) աշխատանքներ են իրականացվում 7.9 կմ ջրագծի, 500 հանգույցի և 3.5 կմ մուտքագծի կառուցման ուղղությամբ։ Արագածում (Խոյ համայնք) հիմնովին նորացվում է բաշխիչ ցանցը․կառուցվում է մոտ 12.8 կմ ջրագիծ, 700 հանգույց և 4.2 կմ մուտքագիծ։
Աղբյուրը նշում է, որ բոլոր շինհրապարակներում հանձնարարվել է պահել աշխատանքների գրաֆիկը, ապահովել բարձր որակ, արագ վերականգնել քանդված ճանապարհները:



