


Արմինֆո. Մեզ բաժին են հասնում կենացներ, Բաքվին՝ կոնկրետ դիվիդենտներ: Ֆեյսբուքյան իր էջում նման կարծիք է հայտնել քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այսօր Վաշինգտոնում կայանալիք հանդիպման առնչությամբ:
«Վաշինգտոնում ստորագրվել է համագործակցության հուշագիր ադրբեջանական SOCAR-ի և ամերիկյան նավթային հսկա ExxonMobil-ի միջև։ Սա սովորական էներգետիկ գործարք չէ․ սա քաղաքական ուղերձ է։
ԱՄՆ-ն ամրապնդում է իր դիրքերը Հարավային Կովկասում՝ Բաքվին վերածելով ռազմավարական գործընկերոջ՝ Կասպից ծովի էներգակիրների տարանցման հարցում։
Ուշագրավ է, որ հուշագիրը ստորագրվում է այն պահին, երբ քննարկվում է նաև Սյունիքով «Թրամփի ճանապարհի» կառուցումը՝ հավանական էներգետիկ տարանցման հեռանկարով։
Հայաստանի համար սա զգուշացնող ազդակ է՝ մեր տարածքը կարող է դառնալ մեծ խաղերի օբյեկտ, եթե մենք ինքներս չձևավորենք սեփական օրակարգ», - ընդգծել է քաղաքագետը:
Հիշեցնենք, որ այսօր ՝ օգոստոսի 8-ին, Սպիտակ տանը կկայանա ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպում: Թրամփ - Փաշինյան հանդիպումը նախատեսված է Վաշինգտոնի ժամանակով 14:30-ին (Երևանի ժամանակով 22:30-ին), Ալիևի հետ ՝ 15:20-ին (Երևանի ժամանակով 23:20-ին): Երկկողմ բանակցությունների ավարտին ժամը 16:00-ին (Երևանի ժամանակով 24: 00-ին) նախատեսված է ԱՄՆ-ի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների համատեղ հայտարարություն:



