
Արմինֆո. Երկրի քաղաքական օրակարգում գլխավոր տեղը պետք է զբաղեցնեն ոչ թե ընդդիմադիր տարբեր ուժերի միջև տարաձայնությունները, այլ՝ երկրի ազգային շահերը: Հուլիսի 5-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք է հայտնել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ով 2 տարի 2 ամիս անց ազատ է արձակվել՝ վարչական հսկողության տակ ։
Անդրադառնալով ընդդիմադիր ուժերի, մասնավորապես, առաջին և երկրորդ նախագահների քաղաքական ուժերի միջև առկա տարաձայնություններին ՝ ՀՀԿ փոխնախագահը նշել է, որ նորմալ է համարում նրանց դիրքորոշումների անհամապատասխանությունը, սակայն վտանգ է տեսնում, որ դրանք օրակարգում առաջին տեղն են զբաղեցնում: "Սա ամենամեծ ցավն է, որ ես զգում եմ տարեսկզբից ։ Ես քաղաքական դաշտում շատ մանիպուլյացիա եմ տեսնում։ Ինձ համար նման ռազմավարությունն անհասկանալի է։ Ինձ թվում է, որ երկրում հիմա այնքան շատ խնդիրներ կան, որ արհեստական խնդիրներ ստեղծել ուղղակի չարժե", - նշել է Աշոտյանը։
Այդ առումով՝ նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ այսօրվա ընդդիմությունը բավականաչափ ճկուն չի դարձել՝ երկրում կառավարող վարչակազմին դիմակայելու համար։ "Ընդ որում, նոր քաղաքական ուժի գալու համար մյուս ընդդիմադիր ուժերը պետք է շահագրգռված լինեն դրանում", - հավելել է Աշոտյանը:
ՀՀԿ փոխնախագահը նշել է, որ "պարարտ հող" կա նոր քաղաքական ուժ ստեղծելու համար, օրինակ՝ գործարար Սավել Կարապետյանի կողմից, նշելով, որ ՀՀԿ-ն շահագրգռված է իրադարձությունների նման զարգացմամբ: "Մենք շահագրգռված ենք, որ քաղաքական դաշտում ձևավորվի նոր միավոր, և որքան հնարավոր է՝ բավականին ուժեղ։ Բայց ես նաև կցանկանայի, որ Սամվել Կարապետյանի թիմը, որը զբաղվում է հենց այդ նոր ուժի ստեղծմամբ, չշտապեր։ Բայց և՝ չուշանար։ Եվ ես վստահ եմ, որ նրանք դա հասկանում են", - նշել է Աշոտյանը։
Ինչպես պարզաբանել է ՀՀԿ փոխնախագահը, վերը նշվածը նշանակում է, որ այն ակնկալիքները, որոնք այժմ ձևավորվում են քաղաքական և լրատվական դաշտում այս հարցի շուրջ, չպետք է շտապեցնեն Սամվել Կարապետյանի քաղաքական ուժին, որպեսզի նրանք, իրենց հերթին, ի զորու լինեն ձևավորել այնպիսի ծրագիր, որն ի վիճակի լինի լուծել առկա խնդիրները:
Աշոտյանը նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ներկա իրավիճակում, երբ երկրում կառավարող ուժն անբարոյական է, իսկ ընդդիմությունը՝ անմրցունակ, գլխավոր խնդիրն այն է, որ ընդդիմությանը վերադարձնի այդ կարողությունը: Մասնավորապես, նա նշել է, որ անհրաժեշտ է ձերբազատվել օրակարգում շրջանառվող թեմաներից, որոնք չեն ներկայացնում այն կարևորությունը, որ տալիս են դրանց։ Այս առնչությամբ նա անդրադարձել է հաճախ օգտագործվող այն թեզին, թե ողջ խնդիրը ընդդիմության շրջանում երկրում խնդիրների լուծման կոնկրետ ծրագրի բացակայությունն է։
Մինչդեռ, նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ այն լուծումները, որոնք առաջարկում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իրականում դրանք չեն լուծում, այլ միայն խորացնում են: "Հենց այն գիտակցումը, որ Նիկոլ Փաշինյանն՝ ինքը, խնդիր է, արդեն շատ բան կարող է լուծել", - հավելել է ՀՀԿ փոխնախագահը:
Աշոտյանը, միաժամանակ, անտրամաբանական է համարել ընդդիմությունից կոնկրետ ծրագիր ակնկալելը, նկատելով, որ այսօր, նույնիսկ, պարզ չէ երկրի իրական վիճակը, քանի որ իշխանությունները դա թաքցնում են բոլորից: Մասնավորապես, նա որպես օրինակ նշել է "խաղաղության պայմանագրի" քննարկումները։ "Այս իմաստով՝ այն ծրագրերը, որոնք ակնկալում են ընդդիմությունից, չեն կարող լուրջ ընկալվել իրական իրավիճակի ըմբռնման իսպառ բացակայության ֆոնին։ Ուստի՝ պետք է հասկանալ, որ այսօր շատ ավելի կարևոր հարցեր կան", - եզրափակել է ՀՀԿ փոխնախագահը։