


Արմինֆո. Բագրատ Սրբազանն օգոստոսի 2-ին հայցադիմում է ներկայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ ՔՊ-ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի։ Այս մասին տեղեկանում ենք Datalex տեղեկատվական համակարգից։
Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով, 63-րդ հոդվածի 1-ին մասով և «Մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով՝ Բագրատ Սրբազանը պահանջում է Վաղարշակ Հակոբյանից բռնագանձել 3,000,000 (երեք միլիոն) ՀՀ դրամ, որից 2,000,000 (երկու միլիոն) ՀՀ դրամ՝ զրպարտության համար, 1,000,000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ՝ վիրավորանքի համար։ Հայցադիմումը մակագրվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Շուշանիկ Ավագիմյանին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Գալստանյանի պաշտպանները հայցեր էին ներկայացրել Նիկոլ Փաշինյանի, նրա աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի, "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավորներ Վահագն Ալեքսանյանի, Արթուր Հովհաննիսյանի, Արսեն Թորոսյանի, Հասմիկ Հակոբյանի, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի, "Հանրապետություն" կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի, Պետական վերահսկողական ծառայության նախկին ղեկավար, այժմ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի, քաղաքագետ Հարություն Մկրտչյանի և "Ժառանգություն" կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանի դեմ ՝ զրպարտության և վիրավորանքի համար: Նորին սրբությունը նրանցից յուրաքանչյուրից պահանջել է բարոյական վնասի փոխհատուցում:
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը 2 ամսով կալանավորվել է 2025 թվականի հունիսի 26-ին: Նրան մեղադրանք է առաջադրվել "ահաբեկչության, զանգվածային անկարգությունների եւ իշխանության բռնազավթման նախապատրաստվելու" համար։ Նա մեղքը չի ընդունում։



