


Արմինֆո. Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը "շինծու և կեղծ" է որակել իրեն և "Սրբազան պայքար" շարժման մասնակիցներին առաջադրված մեղադրանքները: Այս մասին Նա հագրել է քննչական մեկուսարանից ուղարկված նամակում։
«Իմ կյանքի ամենածանր հարվածները ստացել եմ դեռ պատանի տարիքում՝ պատերազմի դաշտում կորցնելով հորս, պապիս և եղբորս։ Նրանք, ինչպես բազմաթիվ հայորդիներ, իրենց արյամբ են կերտել մեր անկախությունն ու պետականությունը։
Ամբողջ կյանքս ես նվիրել եմ իմ հայրենիքին՝ իմ հողին ու ջրին։ Երեսուն տարի շարունակ՝ թե՛ մարտի դաշտում, թե՛ խաղաղ պայմաններում, պայքարել եմ թշնամու դեմ և պատրաստ եմ պայքարել մինչև վերջին շունչս՝ հանուն մեր երկրի ու ժողովրդի։
Այս օրերին իմ և իմ պայքարի ընկերների դեմ հնչող մեղադրանքները շինծու են և կեղծ։ Դրանք նպատակ ունեն սրբապղծել մեր մաքուր նպատակները, վարկաբեկել մեր գաղափարական պայքարը։ Բայց ճշմարտությունը վաղ թե ուշ հաղթելու է։
Ես միշտ պաշտպանել եմ իմ հայրենակիցներին և պաշտպանելու եմ՝ անկախ ամեն ինչից։
Այս պահին համերաշխության ու տոկունության կարիք ունի ոչ միայն յուրաքանչյուր պայքարի ընկերս, այլև նրանց ընտանիքները, մեր ամբողջ հասարակությունը։
Արդարությունը հաղթելու է։ Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին։ Հավատարիմ մնում եմ իմ երդմանը՝ ծառայել հանուն հայրենիքի», - ասվում է նամակում։
Հիշեցնենք, որ հունիսի 25-ին լայնածավալ խուզարկություններից հետո ձերբակալվել էր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը: Նրա հետ ձերբակալվել են Իգոր Սարգսյանը, Հրայր Հակոբյանը, Դավիթ Գալստյանը, Մովսես Շարբատյանը, Արսեն Ղազարյանը, Արա Ռոստոմյանը, Տիգրան Գալստյանը, Միհրան Մախսուդյանը, Կարո Օքումուշյանը, Աղվան Արշակյանը, Արմեն Ալեքսանյանը, Լիդիա Մանթաշյանը, Տիգրան Թոփալյանը, Հայկ Շահնազարյանը, Արմեն Իսրայելյանը և Վահագն Չախալյանը: Քննչական կոմիտեի տվյալներով ՝ ձերբակալվածները կասկածվում են իշխանության բռնազավթում նախապատրաստելու, ահաբեկչություններ և զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար:



