


Արմինֆո. 2025 թվականի առաջին կիսամյակում պատճառված գույքային վնասից վերականգնվել է ընդհանուր շուրջ 1 մլրդ 494 մլն ՀՀ դրամ: Այդ մասին հաղորդում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն ՝ ամփոփելով ընթացիկ տարվա առաջին 6 ամիսների աշխատանքները:
Ավարտված վարույթներից 2 տասնյակը հանդիսացել են 2-ից մինչև 6 տարի նախաքննության փուլում գտնվող քրեական վարույթներ
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ամփոփվել են 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքները:
Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվել է 1653 քրեական վարույթ՝ նախորդ տարվա 1585-ի համեմատ:
Նշված քրեական վարույթներից ավարտվել է 367-ը, որոնցից միայն 101֊ը' 255 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, իսկ 266-ը՝ կարճվել։
Ավարտված վարույթներից 2 տասնյակը հանդիսացել են 2-ից մինչև 6 տարի նախաքննության փուլում գտնվող քրեական վարույթներ:
Նույն ժամանակահատվածում ավարտված քրեական վարույթներով պատճառված գույքային վնասից վերականգնվել է 1․096․236․339 ՀՀ դրամը՝ նախորդ տարվա 654.115.746 ՀՀ դրամի համեմատ:
Անավարտ քրեական վարույթներով պատճառված գույքային վնասից վերականգնվել է 398․307․300 ՀՀ դրամը՝ նախորդ տարվա 226.714.749 ՀՀ դրամի համեմատ: Այսինքն՝ հաշվետու ժամանակահատվածում ավարտված և անավարտ քրեական վարույթներով պատճառված գույքային վնասից վերականգնվել է ընդհանուր 1 մլրդ 494 մլն 543 հզր 639 ՀՀ դրամ, իսկ գույքային վնասի տեսքով վերականգնվել է 158.820.650 ՀՀ դրամի գույք։
Պատճառված վնասի վերականգնման նպատակով արգելանք է դրվել 455.534.243 ՀՀ դրամ արժողության գույքի վրա», - ասվում է հաղորդագրությունում:
Միևնույն ժամանակ, նշվում է, որ Կոմիտեի աշխատանքի արդյունավետության բարձրացման և մասնագիտական ներուժի արդյունավետ օգտագործման, ինչպես նաև վարույթներով քննության որակի բարելավման նպատակով Կոմիտեի նախագահի հրամաններով ընդունվել են մի շարք կարգեր, տրվել են հանձնարարականներ, ստեղծվել է խորհրդակցական մարմին և հաստատվել վերջինիս գործունեության կարգը: Բացի այդ, գործարկվել է նաև Կոմիտեի թեժ գիծը:



