


Արմինֆո.
Երեւան: 04.08.25: ԱրմԻնֆո: Ալինե Գրիգորյան: Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն թաղամասի բնակիչներն օգոստոսի 4-ին բողոքի ակցիա են իրականացնում Երևանի քաղաքապետարանի դիմաց ՝ պահանջելով լուծել Վարդաշենի 9-րդ փողոցի 70 հասցեում գտնվող իրենց հանրակացարանի վթարայնության խնդիրը:
Լրագրողների հետ զրույցում նրանք պատմել են, որ երկու տարվա ընթացքում ոչ ոք այդպես էլ չի լուծել իրենց խնդիրները։ Մինչդեռ, բացի այն, որ շենքը վթարային վիճակում է, այն ողողել են օձերն ու առնետները, մինչդեռ, շենքում փոքր երեխաներ են ապրում:
"Քաղաքապետ Տիգրան Ավինյանը խոստացել էր լուծել այս խնդիրը, մեզնից, նույնիսկ, համապատասխան փաստաթղթեր են պահանջել, որոնք մենք վաղուց տրամադրել ենք ։ Խոսքը ընդամենը 17 սենյակի մասին էր ։ Սակայն ոչ ոք այդպես էլ չի զբաղվել մեր խնդրով, քաղաքապետը արձակուրդում է, թաղապետը տեղում չէ, Իսկ ուրիշ ոչ ոք մեզ չի պատրաստվում ընդունել", - դժգոհել են վարդաշենցիները։
Բողոքի ակցիայի ընթացքում վարդաշենցիները փորձել են մտնել քաղաքապետարանի շենք ՝ փոխքաղաքապետի հետ հանդիպում պահանջելու համար ։ Սակայն նրանց խնդրել են դուրս գալ, իսկ լրագրողներին արգելել են նկարահանել քաղաքապետարանի շենքում։
Նրանց մոտ է եկել քաղաքապետարանի ներկայացուցիչը, ով ընդունել է, որ նշված խնդրի լուծումը քաղաքապետարանի իրավասության մեջ է ։ Մինչդեռ, նա չի կարողացել գործի ընթացքի վերաբերյալ պարզաբանում տալ Վարդաշենցիներին, նշելով, որ դրա իրավասությունը չունի։
Քաղաքապետարանի ներկայացուցիչը կրկին առաջարկել է դիմում գրել, որը կքննարկվի: Բացի այդ, նա հայտարարել է, որ շենք կարող են մտնել երկու հոգի, որոնց կբացատրեն, թե հետագայում ում պետք է դիմեն Վարդաշենի բնակիչները:



