


Արմինֆո. Արցախից բռնի տեղահանված բնակչությանը ռուսական կազմակերպությունների մարդասիրական աջակցությունից հրաժարվելու կոչերը բխում են այն մարդկանցից, ովքեր համաձայն են Հայաստանի իշխանությունների թեզերին: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանը։
«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները այս օրերին հումանիտար աջակցություն են ստանում ռուսական կազմակերպություններից։ Հանկարծ՝ հայտնվում են մարդիկ, ովքեր կոչ են անում արցախահայությանը հրաժարվել այդ օգնությունից։
Զարմանալի չէ։ Նման կոչեր հնչեցնում են հիմնականում այն մարդիկ, ովքեր համակարծիք են իշխանական այն թեզերի հետ, ըստ որոնց՝ չպետք է խոսել արցախահայության վերադարձի իրավունքի մասին, և ընդհանրապես, Արցախի կորուստը համարում են Հայաստանի «անկախացման» գին։
Ռուսաստանը նման քայլերով ցույց է տալիս, որ իր համար դեռևս գոյություն ունի հավաքական արցախահայություն՝ իր բազմաբնույթ հումանիտար կարիքներով։ Փոխարենը այս մարդիկ խրախուսեն նման աջակցությունը՝ որպես մարդասիրական և օրինակելի ժեստ, զբաղված են հակաքարոզչությամբ՝ թիրախավորելով արցախահայության հավաքական իրավունքների պաշտպանումը որևէ մակարդակում:
Ասել է թե՝ նրանց խնդիրը օգնությունը չէ, այլ այն, որ որևէ մակարդակում փորձ է արվում հիշեցնել Արցախի և արցախահայության մասին՝ որպես ադրբեջանաթուրքական ագրեսիայի և էթնիկ զտման զոհ», - գրել է Խաժակյանը:
Նշենք, որ "Ռուսաստանը ձեզ հետ է" ծրագրի շրջանակում Հայաստան է ուղարկվել շուրջ 140 տոննա մարդասիրական օգնություն, որը նախատեսված է Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների, առաջին հերթին, սոցիալապես խոցելի խմբերի համար: Նախաձեռնությունը ծրագրի գործնական իրականացմանը ձեռնամուխ է եղել հուլիսի 31-ից: Առաջին փուլում մարդասիրական օգնություն կտրամադրվի շուրջ 30 000 արցախցու:



