
Արմինֆո. Օգոստոսի 1-ին Լոռու մարզպետի պաշտոնակատար Հովհաննես Ավետիսյանը, «ՀԷՑ» ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը, Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը եղել են «ՀԷՑ» ՓԲԸ-ի «Դեբեդ» մասնաճյուղում։ Ռոմանոս Պետրոսյանը աշխատակազմին է ներկայացրել մասնաճյուղի նորանշանակ տնօրեն Տիգրան Հովսեփյանին և շնորհավորել պատասխանատու պաշտոն ստանձնելու կապակացությամբ։ Նա հույս է հայտնել, որ կարճ ժամանակամիջոցում մասնաճյուղում ևս կիրականացվեն էական բարեփոխումներ՝ քաղաքացիների սպասարկման որակը բարձրացնելու նպատակով:
Լոռու մարզպետի աշխատակազմի հաղորդագրության համաձայն, Տ. Հովսեփյանին շնորհավորանքի խոսք է հղել նաև Հովհ․ Ավետիսյանը, մաղթել նրան արդյունավետ աշխատանք բարդ ու պատասխանատու ոլորտում, վստահեցրել, որ մարզպետի աշխատակազմը պատրաստ է մշտապես համագործակցել և ամենայն աջակցություն ցուցաբերել աշխատանքների պատշաճ կազմակերպման համար: Պաշտոնում նշանակվելու կապակցությամբ Տ․ Հովսեփյանին շնորհավորել է նաև Արկադի Փելեշյանը։
Տիգրան Հովեփյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և հավաստիացրել, որ անելու է առավելագույնն ընկերության արդյունավետ կառավարման համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ՀԷՑ-ի հետագա գործունեությանն առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ իրականացվող ծրագրերի շարունակականության և նոր ծրագրերի իրականացման, ներուժի արդյունավետ ներգրավման, ոլորտային համագործակցության խորացման և այլնի վերաբերյալ։
Նախօրեին հաղորդվել էր, որ ԱԺ նախկին պատգամավոր, Գյումրիի քաղաքապետի նախկին թեկնածու, Ավագանու անդամ Սարիկ Մինասյանը նշանակվել է "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ընկերության "Կարս" մասնաճյուղի տնօրեն:
Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն ազատվում է ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի կադրերից ՝ աշխատանքից հեռացնելով, գլխավորապես, մասնաճյուղերի ղեկավարներին:
Հիշեցնենք, որ 2016 թվականից "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ն պատկանում է ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի հիմնադրած "Տաշիր" ընկերությունների խմբին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԷՑ-ն ազգայնացնելու մտադրության մասին հայտարարել էրց այն բանից հետո, երբ Սամվել Կարապետյանը հրապարակային աջակցություն էր հայտնել ՀԱԵ-ին: Այնուհետև Հայաստանի խորհրդարանն ընդունել էր օրենսդրական փոփոխությունների փաթեթը, որը միտված էր "Տաշիր" ընկերությանը պատկանող ՀԷՑ-ի ազգայնացմանը, իսկ հուլիսի 18-ին ՀԾԿՀ նախագահի որոշմամբ Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել է "Էլցանցերի" ժամանակավոր կառավարիչ՝ վարչական վարույթի և" ՀԷՑ " - ի նկատմամբ կանխարգելիչ միջոցառումների կիրառման շրջանակներում: