


Արմինֆո. Հայաստանի ոստիկանական գվարդիան կհամալրվի ԲՏՌ-80 և ԲՌԴՄ-2 զրահափոխադրիչներով։ Համապատասխան որոշումն ընդունվել է հինգշաբթի կառավարության նիստում։
Ինչպես ասվում է փաստաթղթի հիմնավորման մեջ, 2024թ. հոկտեմբերի 24-ին ընդունվել է «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքը, համաձայն որի՝ հակաահաբեկչական գործողությունների իրականացմանը մասնակցելիս կամ ռազմական դրություն հայտարարված տարածքում իրականացվող պատերազմական գործողությունների շրջանակներում հատուկ առաջադրանքներ կատարելիս ոստիկանության գվարդիայի ծառայողը ոստիկանության պետի հրամանով իրավասու է օրենքով նախատեսված լիազորությունների պատշաճ իրականացումն ապահովելու համար գործադրելու ոստիկանության գվարդիայի սպառազինության մեջ ընդգրկված հատուկ տեխնիկա, որի ցանկը սահմանում է կառավարությունը։
Որոշումն ուժի մեջ կմտնի 2025 թվականի նոյեմբերի 1-ին:
Նշենք, որ Ոստիկանության գվարդիան ստեղծվել է Ոստիկանության զորքերի, Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության և Ոստիկանության հատուկ ստորաբաժանումների բազայի վրա: Գվարդիան գտնվում է Ոստիկանության պետի ընդհանուր ղեկավարության ներքո: Այն գործելու է քաղաքացիական կառավարման և խորհրդարանական վերահսկողության ներքո։ Դրանով իսկ, ոստիկանության ոլորտը հիմնվելու է չորս հիմնական կառույցների վրա. Պարեկային ծառայություն, Քրեական ոստիկանություն, Քաղաքային ոստիկանություն և Ոստիկանական գվարդիա:



