


Արմինֆո. ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվում է սպորտային ակումբի գործունեությունը կազմակերպող ընկերության կողմից իրացման իրական շրջանառությունը թաքցնելու և պետական բյուջե առանաձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն, քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ և բազմակողմանի վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում 2025 թվականի հուլիսին ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված առանձնապես խոշոր չափերով՝ 250 մլն ՀՀ դրամ վնասը: Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։
Հիշեցնենք, որ հուլիսի 21-ին հաղորդվել էր Reebok և Gold's Gym սպորտային ակումբներում քննչական գործողություններ կատարելու մասին: "Քննչական գործողություններն իրականացվում են հարկերի վճարումից խուսափելու հետ կապված քրեական վարույթի շրջանակներում", - նշել են ՔԿ-ում: Հայկական լրատվամիջոցների տվյալներով՝ Reebok ակումբը պատկանում է նախկին պատգամավոր Ռուբեն Գևորգյանի ընտանիքին, իսկ Gold's Gym-ի սեփականատերն է ոմն Էրիկ Մարգարյան:



