


Արմինֆո. Հայաստանում Գերմանիայի դեսպան Կլաուդիա Բուշն այցելել է Շիրակի մարզ:
Հայաստանում ԳԴՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության համաձայն, Գյումրիում դեսպան Բուշին ընդունել է Տեր Գևորգ արքեպիսկոպոս Նորատունկյանը՝ ներկայացնելով Հայ կաթողիկե եկեղեցու գործունեությունը և համայնքային կյանքը Հայաստանում։
«Հայկական Կարիտասը» դեսպանին ներկայացրեց այն ծրագրերը, որոնք ԳԴՀ-ից ստացվող օգնությամբ իրականացվում են միայնակ մայրերի, փախստականների կամ սահմանամերձ համայնքների համար։
Հայաստանի երկրորդ խոշոր քաղաքի քաղաքացիական հասարակության ընթացիկ խնդիրները ներկայացրել է «Ասպարեզ» լրագրողական ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը։
Օրն ամփոփվել է տպավորիչ ձեռքբերումներ արձանագրած ձկնաբուծական ընկերություն այցելությամբ, որտեղ արդեն նաև գարեջուր է պատրաստվում։
«Սրտանց շնորհակալություն ենք հայտնում ԳԴՀ Պատվո հյուպատոս Ալեքսան Տեր-Մինասյանին և գյումրեցիներին՝ իրենց առանձնահատուկ հյուրընկալության համար», - ասվում է դեսպանության հաղորդագրությունում։



