


Արմինֆո. "Սոգլասիե-Արմենիա" ընկերությունից Հյուսիսային պողոտայի հատվածը հօգուտ Երևան համայնքի առգրավելու վերաբերյալ Հակակոռուպցիոն դատարանի որոշումը կբողոքարկվի:
Հիշեցնենք, որ հուլիսի 25-ին դատարանը Գլխավոր դատախազության հայցի հիման վրա որոշել էր դադարեցնել ընկերության սեփականության իրավունքը 2800 քմ-ից ավելի մակերեսով հողամասի նկատմամբ, անվավեր ճանաչել դրա պետական գրանցումը և հողամասը վերադարձնել Երևան համայնքին: Խոսքը Երևանի կենտրոնում գտնվող նախկին "Մանկական աշխարհ" հանրախանութի հողամասի մասին է, որը, ըստ դատախազության տվյալների, օրենքի խախտմամբ սեփականաշնորհվել է: Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակումից մեկ ամիս հետո և ենթակա է հարկադիր կատարման՝ կամավոր կատարումից հրաժարվելու դեպքում:
Ինչպես կարծում են "Սոգլասիե-Արմենիա"-ում, նրա դեմ կայացված Հակակոռուպցիոն դատարանի որոշումն առնչվում է Աբրահամյանի գործունեությանը ("Սոգլասիե-Արմենիա" ՓԲԸ-ի սեփականատերը Ռուսաստանի հայերի միության նախագահ, գործարար Արա Աբրահամյանն է): Ընկերությունը մտադիր է բողոքարկել որոշումը վերաքննության կարգով։
«Դատարանն անտեսել է օբյեկտիվ տվյալները և կայացրել իրավական հիմք չունեցող որոշում: Նրա հիմնավորումները հակասում են ոչ միայն Սահմանադրական դատարանի դրույթներին եւ Վճռաբեկ դատարանի պահանջներին, այլեւ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներում ամրագրված նորմերին", - նշվում է ընկերության հայտարարության մեջ։
"Սոգլասիե-Արմենիա"-ն ընդգծել է, որ նույն դատավորն ավելի վաղ մերժել էր դատախազության հայցը հարևան հասցեում գտնվող մեկ այլ հողամասի վերաբերյալ, որի սեփականատերը իշխանությունների հետ փոխկապակցված ընկերությունն է: ՓԲԸ-ում նաև նշել են, որ իրենց կողմից իրականացվում են անհրաժեշտ շինարարական աշխատանքներ, իսկ ձգձգումների, դժվարությունների և խոչընդոտների պատճառները վաղուց հասցեագրված են վարչական մարմիններին:
2024 թվականի մարտին դատարանը միջանկյալ միջոցի շրջանակներում արգելել էր ընկերությանը կատարել այնպիսի գործողություններ, որոնք կարող էին հանգեցնել Արամի 32 հասցեում չկառուցապատված հողամասի սեփականատիրոջ փոփոխության։ Արգելքը կգործի մինչև դատարանի որոշման կատարումը, որից հետո այն կկորցնի իր ուժը:



