
Արմինֆո. "Տաշիր" ընկերությունների խմբի ղեկավար, գործարար Սամվել Կարապետյանը նոր ուղերձ է հղել ԱԱԾ-ից, որում ներկայացրել է Հայաստանում ներկայիս իշխանության ձախողումներն ու խոսել իր կողմից ստեղծվող քաղաքական ուժի ծրագրերի մասին:
Սամվել Կարապետյանի նամակում, որը ֆեյսբուքյան էջում հրապարակել է գործարարի եղբորորդին ՝ "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը, նշվում է, որ ներկա իշխանություններին չհաջողվեց քնեցնել հայ ժողովրդի կամքը։
«Չհաջողվեց հուսահատեցնել մեր երիտասարդներին։ Անցնելով պատերազմների, իշխանական հալածանքների, զրկանքների, անապահովության միջով՝ նրանք մնացել են պինդ ու տաղանդավոր, մեր Հայաստանի ապագայի մասին մտածող ու դրանով ապրող։
Չհաջողվեց լռեցնել լրագրողներին և ազատ խոսքը։ Տեղեկատվական տեռորի, ստերի, մանիպուլյացիաների շղթան պոկվում է, և իրենց աշխատանքը նվիրումով կատարող իրական լրագրողների միջոցով իրականությունը հասանելի է դառնում հանրությանը։
Չհաջողվեց կոտրել բաքվի բանտում գտնվող մեր հայրենակիցներին, որոնք տասնյակ տարիների իրենց հերոսական պայքարով բացառիկ հարգանքի արժանի մարդիկ են։ Նրանք՝ հայտնվելով բանտում, մահվան բերանն են ընկել, ու չնայած դրան, իրենց և բոլորիս պատիվը միշտ բարձր են պահում՝ իսկական Հայ տղամարդուն վայել։
Չհաջողվեց կոտրել մեր հավատքը դեպի մեր Եկեղեցու առաքելությունը։ Որքան շատ են հալածում հոգևորականներին, այնքան շատ Հայ մարդիկ են օրհնություն հայցում մեր հոգևորականներից։ Որքան շատ են հարձակվում մեր Եկեղեցու վրա, այնքան շատ են մերոնք համախմբվում մեր Մայր Աթոռի շուրջը։
Գործող փոքրիկ խմբակի այս անհաջողությունների մեջ է մեր ապագան։ Սկզբունքորեն նոր մեր քաղաքական ուժը՝ նոր ձևավորվող մեր թիմը, հիմնված է լինելու հատկապես մեր ազգային լավագույն որակների, ժողովրդի ամուր կամքը կրող անձանց և հատկապես երիտասարդների վրա։ Մեր պատմության նոր, վաղուց սպասված ու երազած էջ ենք բացելու՝ մե՛ր ձևով», - գրել է Սամվել Կարապետյանը։
Հիշեցնենք, որ բարերար եւ "Տաշիր" ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը ձերբակալվել էր հունիսի 18-ի գիշերը Երեւանում՝ այն բանից հետո, երբ Հայ Առաքելական Եկեղեցուն աջակցություն էր հայտնել: Դրան ի պատասխան՝ բացահայտ սպառնալիքներ էին հնչել վարչապետի կողմից։ Հունիսի 19-ի գիշերը Երևանի ընդհանուր իրավասության դատարանը երկու ամսով կալանավորել է Սամվել Կարապետյանին: Նա պահվում է "Երևան - Կենտրոն" ՔԿՀ-ում (հայտնի "ՊԱԿ-ի նկուղը" ՝ ԱԱԾ շենքում) ։ Նրան մեղադրում են երկրում իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար։ Կարապետյանը մեղքը չի ընդունում։ Հուլիսի 4-ին ի պաշտպանություն Կարապետյանի հանրահավաքի ժամանակ հայտարարվել է նոր քաղաքական ուժ ստեղծելու մասին։