


Արմինֆո. Մի քանի օր առաջ Ակնայի շրջանում սկսված հրդեհները տարածվել են հյուսիս-արևելքում մինչև Թալիշ գյուղ, և հարավ-արևելքում՝ մինչև Ջրական և Հադրութ, փաստորեն՝ Արցախի Հանրապետության արևելյան սահմանի ողջ երկայնքով: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Արցախի մշակույթի նախկին նախարար Սերգեյ Շահվերդյանը։
"Օկուպացիոն ադրբեջանական վարչակազմը, փաստորեն, արդյունավետ միջոցներ չի ձեռնարկում արդեն մոլեգնող հրդեհները մարելու և հրդեհի նոր պոտենցիալ օջախների առաջացումը կանխելու ուղղությամբ ՝ նպաստելով վիթխարի մասշտաբի էկոլոգիական աղետին վերահսկվող գրավյալ տարածքներում։
Կարծում եմ՝ Հայաստանի կառավարությունը, բնապահպանական կազմակերպությունները և էկոակտիվիստները պետք է բարձրացնեն Ադրբեջանի Հանրապետության պատասխանատվության հարցը իր ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող Արցախի Հանրապետությանը հասցվող էկոլոգիական վնասների համար և պահանջեն անհապաղ արդյունավետ միջոցներ ձեռնարկել անտառային հրդեհների մարման համար: Այդ մեր Հայրենիքն է այրվում",- գրել է Շահվերդյանը:



