
Արմինֆո. Ավստրալա-բրիտանացի հայտնի փաստաբան, իրավաբան-գիտնական Ջեֆրի Ռոբերտսոնը (King’s Counsel, KC) իր խորը մտահոգությունն է հայտնել Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառված չափազանց խիստ քրեադատավարական միջոցների առնչությամբ՝ ընդգծելով նրան ներկայացված մեղադրանքի քաղաքական ենթատեքստը։ Այդ մասին հաղորդում է Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը:
«Ռոբերտսոնի գնահատմամբ՝ նախաքննության փուլում կալանքի կիրառումը, որն ուղեկցվել է իրավասու մարմինների ներկայացված սին և անբավարար հիմնավորումներով, դատարանների ընդունած չպատճառաբանված որոշումներով, հակասում է իրավունքի գերակայության սկզբունքին և միջազգային իրավունքով նախատեսված երաշխիքներին։
Պարոն Ռոբերտսոնը ներկայումս դիտարկում է պարոն Սամվել Կարապետյանի պաշտպանությամբ զբաղվող փաստաբանների միջազգային խմբին միանալու և խմբի կողմից միջազգային կազմակերպություններ ներկայացվող հայցադիմումներին աջակցելու հնարավորությունը։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) ներկայացուցչության հետագա փուլերում կարող է պաշտոնապես դիտարկվել նաև տիկին Ամալ Քլունիի ներգրավումը գործընթացում։ Ջեֆրի Ռոբերտսոնը Doughty Street Chambers ընկերության հիմնադիր-ղեկավարն է։ Նախկինում նա Ամալ Քլունիի հետ ներկայացրել է Հայաստանի շահերը ցեղասպանության ժխտման իրավական պատասխանատվության գործով։ Ջեֆրի Ռոբերտսոնը հայտնի է նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցին և Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությանն իր մեծ նվիրվածությամբ», - ասվում է խորհրդի հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ բարերար եւ "Տաշիր" ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը ձերբակալվել էր հունիսի 18-ի գիշերը Երեւանում՝ այն բանից հետո, երբ Հայ Առաքելական Եկեղեցուն աջակցություն էր հայտնել: Դրան ի պատասխան ՝ բացահայտ սպառնալիքներ էին հնչել վարչապետի կողմից։ Հունիսի 19-ի գիշերը Երևանի ընդհանուր իրավասության դատարանը երկու ամսով կալանավորել է Սամվել Կարապետյանին, ով պահվում է "Երևան - Կենտրոն" ՔԿՀ-ում (հայտնի "ՊԱԿ-ի նկուղը" ՝ ԱԱԾ շենքում)։ Նրան մեղադրում են երկրում իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար։ Կարապետյանը մեղքը չի ընդունում։