


Արմինֆո. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել, այսպես կոչված, "Զանգեզուրի միջանցքի" հարցը լուծել տարածաշրջանային համաձայնության ճանապարհով:
Ինչպես հաղորդում է trt.global-ը, նա այդ տրանսպորտային զարկերակը անվանել է չափազանց կարևոր տնտեսության համար: Հայտարարությունը հնչել է 100 տարով հողամաս վարձակալելու ամերիկյան առաջարկի ֆոնին:
"Զանգեզուրի միջանցքը օգուտ կբերի ոչ միայն Ադրբեջանին, Հայաստանին և Թուրքիային, այլև տարածաշրջանի մյուս երկրներին", - Հյուսիսային Կիպրոս կատարած այցից հետո լրագրողներին ասել Է Էրդողանը: Նա ընդգծել է, որ Թուրքիայի հիմնական ակնկալիքն այն է, որ այդ գիծը դառնա համաձայնության խորհրդանիշ, այլ ոչ թե տարաձայնությունների աղբյուր: Թուրքիայի առաջնորդը նախագիծը չափազանց կարևոր է համարել աշխարհատնտեսական տեսանկյունից, նշելով, որ "միջանցքը" կմիացնի մեր տարածաշրջանից դուրս գտնվող աշխարհագրությունները և կաշխուժացնի առևտուրը:
"Այսպիսով՝ տարածաշրջանը կդառնա բարեկեցության գոտի, որտեղ կհաղթանակի համագործակցությունը", - հավելել է Թուրքիայի նախագահը:
Նա նշել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հատուկ շահագրգռվածությունը "միջանցքի"շուտափույթ գործարկմամբ։
Ավելի վաղ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը հաստատել էր Վաշինգտոնի պատրաստակամությունը՝ Հայաստանում 32 կիլոմետրանոց հատվածը վարձակալել ամերիկյան մասնավոր ընկերության միջոցով: Միջանցքը պետք է կապի հիմնական Ադրբեջանը իր էքսկլավ Նախիջեւանի հետ։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառել ճանապարհի կառավարման փոխանցումը մասնավոր ընկերության, սակայն ընդգծել է, որ դա տեղի կունենա "Հայաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավասության շրջանակներում": Փաշինյանը նաև հաղորդել է, որ միջանցքի կառավարման նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում ոչ միայն ԱՄՆ-ը, այլև՝ Եվրամիությունը:



