


Արմինֆո. Իրանի վաղեմի քաղաքականությունը մնում է անփոփոխ և կայանում է տարածաշրջանային աշխարհաքաղաքական քարտեզի ցանկացած փոփոխության հակազդման մեջ: Իրանական Mehr գործակալության հաղորդման համաձայն՝ այդ մասին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հեռախոսազրույցում հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի-Աքբար Ահմադիանը:
Նրա խոսքով՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությունը մնում է հաստատուն տարածաշրջանային աշխարհաքաղաքականության ցանկացած փոփոխության հարցում: Թեհրանն այդ դիրքորոշումը շահեկան է համարում տարածաշրջանի բոլոր կողմերի համար։
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են ինչպես տարածաշրջանային, այնպես էլ երկկողմ հարցեր: Գրիգորյանը Ահմադիանին տեղեկացրել է ադրբեջանական կողմի հետ բանակցությունների վերջին զարգացումների մասին և ընդգծել, որ Հայաստանի դիրքորոշումը տարածաշրջանային տարանցիկ երթուղիների վերաբերյալ չի փոխվել:
Ահմադիանն, իր հերթին, երախտագիտություն է հայտնել Հայաստանի դիրքորոշման համար, որը դատապարտում է Իսրայելի վարչակարգի հարձակումն Իրանի վրա, և վերահաստատել է Իրանի հետևողական հակազդեցությունը տարածաշրջանի աշխարհաքաղաքական լանդշաֆտի ցանկացած փոփոխության:
Երկուստեք կարևորվել է նաև երկկողմ հարաբերությունների ակտիվացումը, հատկապես՝ տնտեսական ոլորտում:



