


Արմինֆո. Արարատի մարզի Վերին Դվին համայնքի բնակիչները հաղորդում են, որ այսօր վաղ առավոտյան Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները ներխուժել են համայնք և ապօրինի ձերբակալություններ իրականացրել: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Զեմֆիրա Միրզոևան։
Նրա ասելով՝ բնակիչները բողոքում են, որ իրավապահները թույլ չեն տալիս մարդկանց կատարել իրենց ամենօրյա գյուղատնտեսական աշխատանքները և ցուցադրաբար պարծենում են իրենց գործողություններով: "Մենք ահաբեկում ենք, ճիշտ ենք անում, շուտով, ընդհանրապես, հատուկ ջոկատայինների կկանչենք", - պատգամավորը մեջբերում է ոստիկանների խոսքերը:
"Ընդ որում, ձերբակալում են ինչպես տղամարդկանց, այնպես էլ՝ կանանց",- հավելել է Միրզոևան:
Մինչդեռ, Հայաստանի ներքին գործերի նախարարությունում հաղորդել են, որ ձերբակալությունները տեղի են ունենում խուլիգանության գործի շրջանակներում, ընդ որում, չի պարզաբանվում, թե ինչ գործի մասին է խոսքը:



