


Արմինֆո. Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բերեքի խոսքերն այն մասին, որ ԱՄՆ-ն պատրաստ է Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային միջանցքը 100 տարով վարձակալության վերցնել, որպեսզի օգնի Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում տեղաշարժին, կարող են լինել ոչ թե բլեֆ, այլ՝ իրական ծրագիր: Այդ մասին RTVI-ին հայտարարել Է Պետդումայի ԱՊՀ գործերի կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
Ռուսաստանցի պատգամավորը կարծում է, որ ԱՄՆ դեսպանի խոսքերի հետևում "այսօրվա Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության համաձայնությունն է նման տարբերակին": "Կարծում եմ, որ դա միանգամայն իրական հեռանկար է։ Եվ, նույնիսկ, կարծում եմ, որ բոլոր վերջին սրացումները ռուս-հայկական ու նաև ռուս-ադրբեջանական հարաբերություններում առնչվում են հենց այն բանին, որ Ադրբեջանի, Հայաստանի կողմից արհեստականորեն սրվել է լարվածությունը, որպեսզի Մոսկվային չհարցնեն "Զանգեզուրի միջանցքի" մասին", - ասել է ռուս պատգամավորը։
Զատուլինը հիշեցրել է, որ նախկինում խոսքն այն մասին էր, որ նման երթուղի ստեղծելու դեպքում այն կվերահսկեն ռուսական զորքերը կամ Ռուսաստանի ներկայացուցիչները։ Այժմ, ինչպես կարծում է խորհրդարանականը, "ոչ ոք այդ մասին չի անհանգստանում ոչ Հայաստանում, ոչ Ադրբեջանում":
"Նրանց համար հենց կարևոր է, որ տարածաշրջանի նոր տերերը գան և իրականացնեն այդ վերահսկողությունը։ Հետևաբար, գիտակցաբար ստեղծվում է մի իրավիճակ, երբ հարաբերությունների սառեցման պատճառով պարտադիր չէ հարցնել Ռուսաստանին այդ մասին, այլ հեշտությամբ պայմանավորվել ամերիկացիների հետ։ Ես կարծում եմ, որ Թուրքիայում ԱՄՆ դեսպանն իսկապես ասել է այն, ինչի շուրջ պայմանավորվում են", - ամփոփել է նա։
Նշենք, որ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հավաստիացրել էր, որ Հայաստանը բանակցություններ չի վարում իր տարածքները երրորդ երկրի վերահսկողությանը հանձնելու վերաբերյալ, և Թուրքիայում ԱՄՆ դեսպանի ասածը իրականության հետ կապ չունի:



