


Արմինֆո. Այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Թուրքիայից ու Ադրբեջանից, հնչող լավատեսական արձագանքներն արդեն շատ բան են ասում նախատեսվող գործարքի մասին: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» թեման Ադրբեջանն ու Թուրքիան ոչ միայն հայտարարությունների մակարդակով են զարգացնում, այլ հրապարակվում են քարտեզներ, որտեղով տեսանելի է, որ այն անցնելու է հարավով` Իրանի սահմանային ճանապարհով` շոշափելով Մեղրի և Ագարակ քաղաքները:
Անկախ այն հանգամանքից, թե կողմերը դրան ինչ կանվանեն` միջա՞նցք, թե՞ խաչմերուկ, շատ բան կախված է իրավակարգավորումներից:
Ներկայումս որպես փաստ քննարկումները տարվում են այն ուղղությամբ, որ լոգիստիկ խնդիրները դրվելու են մասնավոր ընկերության վրա, սակայն այս տեսանկյունից էլ կարևոր է հասկանալ, թե ում ականջներն են երևում այդ կազմակերպության հետևում կամ պարզ ասած, ո՞վ/ովքե՞ր են վերահսկելու դրանք:
Թուրքիայից ու Ադրբեջանից հնչող ակնհայտ լավատեսական արձագանքներն ու հրապարակվող արտահոսքերն արդեն շատ բան են ասում նախատեսվող գործարքի մասին», - ընդգծել է պատգամավորը:
Հիշեցնենք, որ ԶԼՄ-ներում շատ է խոսվում, այսպես կոչված, "Զանգեզուրի միջանցքի"ստեղծման շուրջ Երևանի, Բաքվի և Անկարայի միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին։ Ըստ հրապարակումների ՝ այդ միջանցքով բեռների տեղաշարժի նկատմամբ վերահսկողությունը նախատեսվում է փոխանցել ամերիկյան ընկերություններից մեկին։



