
Արմինֆո. Կալանքի տակ գտնվող "Տաշիր" ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը քաղաքական թիմ ձևավորելու գործընթաց է սկսել։ Այդ մասին ասվում է գործարարի հայտարարությունում։
«Սիրելի՛ հայրենակիցներ, մեր առաջին իսկ հանրահավաքը հաստատեց իշխանության գլխավոր վախը. մեր ժողովուրդը վստահ է, որ ուժեղ է, ու բռնաճնշումներից չի կոտրվում։ Ուզում եմ կրկին շնորհակալություն հայտնել հուլիսի 4-ին ու առ այսօր քաղաքացիական արիություն ցուցաբերած տասնյակ հազարավոր իմ հայրենակիցներին։
Անկեղծորեն շնորհակալ եմ նաև բոլոր նրանց, ովքեր իրենց աջակցությունն են հայտնում ինձ։ Այս օրերին շատ քննարկվեց իմ ուղերձը, բայց ցավոք, իրականությունից կտրված տարբեր մեկնաբանություններ էլ արվեցին։ Կարծում եմ, որ ես շատ պարզ եմ արտահայտվել՝ ստեղծելու ենք սկզբունքորեն նոր քաղաքական ուժ։
Մեծ հարգանքով եմ վերաբերվում մինչ օրս Նիկոլ Փաշինյանի հակազգային իշխանության քաղաքականության դեմ իրական պայքար մղած քաղաքական ուժերին և գործիչներին։ Բայց մենք Հայաստանի համար լավ ապագա կառուցելու մեր պատկերացումն ունենք։ Ու գնալու ենք մեր ճանապարհով, մեր նոր թիմով՝ չբացառելով ներքաղաքական համագործակցությունը համախոհների հետ։ Փորձելու ենք համախմբել մեր ժողովրդին արդար ու մեծ նպատակների շուրջ։ Մերժելու ենք սև-սպիտակի և արհեստական մյուս բաժանումները, որպիսիք այս իշխանությունները փաթաթել են հասարակության վզին՝ պառակտելով ու թուլացնելով մեր երկիրը։
Նույնիսկ այսօրվա վարչակարգի տարբեր օղակներում աշխատում են իսկական պրոֆեսիոնալներ, որոնք չեն կիսում փոքրիկ խմբակի արժեքները, սակայն դեռ չեն տեսնում այն ճանապարհը, որը ելք կհամարեին ստեղծված իրավիճակից։ Մեր քաղաքական թիմի ձևավորումը մեկնարկել է։ Անելո՛ւ ենք՝ մեր ձևով», - նշել է «Տաշիր» ԸԽ ղեկավարը։
Հիշեցնենք, որ բարերար եւ "Տաշիր" ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը ձերբակալվել էր հունիսի 18-ի գիշերը Երեւանում Հայաստանի իրավապահ մարմինների կողմից՝ այն բանից հետո, երբ աջակցություն էր հայտնել Հայ Առաքելական Եկեղեցուն: Դրան ի պատասխան ՝ բացահայտ սպառնալիքներ էին հնչել վարչապետի կողմից։ Հունիսի 19-ի գիշերը Երևանի ընդհանուր իրավասության դատարանը երկու ամսով կալանավորել է Սամվել Կարապետյանին: Նա պահվում է "Երևան - Կենտրոն" ՔԿՀ-ում (հայտնի "ՊԱԿ-ի նկուղը" ՝ ԱԱԾ շենքում) Նրան մեղսագրվում են երկրում իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր։ Կարապետյանը մեղքը չի ընդունում։