Արմինֆո. Իրավապահ մարմինների աշխատակիցները չեն բացատրում "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ընկերության աշխատակիցների մուտքն աշխատավայր թույլ չտալու պատճառները: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է ՀԷՑ-ի մամուլի քարտուղար Նատալյա Սարջանյանը:
Նա նշել է, որ առավոտյան ժամը 09:00-ին ընկերության գլխամասային գրասենյակի աշխատակիցները ժամանել են աշխատավայր, սակայն, ինչպես պարզվել է, արդեն ժամը 08:00-ից իրավապահները շրջափակել էին շենքը՝ իրականացնելով խուզարկություններ: "Մենք առայժմ ոչինչ չգիտենք, միայն գիտենք, որ ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնակատարը գտնվում է ընկերության շենքում", - նշել է մամուլի քարտուղարը:
Վաղ առավոտից ԱԱԾ դիմակավորված աշխատակիցներն ընկերության աշխատակիցներին թույլ չեն տվել մուտք գորրրծել աշխատավայր: Միաժամանակ իրավապահներն առավոտից ներխուժել են ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տուն, որտեղ նույնպես խուզարկություններ են իրականացրել: Նարեկ Կարապետյանը "Տաշիր" ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի եղբորորդին է:
Ավելի վաղ Հայաստանի խորհրդարանն ընդունել էր օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որոնք ուղղված են "Տաշիր" ընկերությանը պատկանող "ՀԷՑ" - ի ազգայնացմանը:
Հիշեցնենք, որ բարերար եւ "Տաշիր" ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը Հայաստանի իրավապահ մարմինների կողմից ձերբակալվել էր հունիսի 18-ի գիշերը Երեւանում՝ այն բանից հետո, երբ Հայ Առաքելական Եկեղեցուն աջակցություն էր հայտնել: Դրան ի պատասխան ՝ բացահայտ սպառնալիքներ էին հնչել վարչապետի կողմից։ Հունիսի 19-ի գիշերը Երևանի ընդհանուր իրավասության դատարանը երկու ամսով կալանավորել է Սամվել Կարապետյանին: Նա պահվում է "Երևան - Կենտրոն" ՔԿՀ-ում (հայտնի "ՊԱԿ-ի նկուղը" ՝ ԱԱԾ շենքում)։ Նրան մեղսագրվում են երկրում իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր։ Կարապետյանը մեղքը չի ընդունում։