Արմինֆո.Ազգային ժողովի ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին զրկել են պատգամավորական անձեռնմխելիությունից:
Հուլիսի 7-ին ԱԺ արտահերթ նիստում կառավարող մեծամասնությունը 59 կողմ ձայնով բավարարել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդությունը՝ Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ: Խորհրդարանական ընդդիմությունը քվեարկությանը չի մասնակցել։
Ավելի վաղ, ներկայացնելով միջնորդությունը, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նշել էր, որ իր կողմից հարուցված քրեական գործի շրջանակում Քննչական կոմիտեի զինվորական քննչական վարչությունում 2017թ. իրականացված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոցի 71 հասցեում գտնվող "Սևան ազգային պարկ" ՊՈԱԿ-ի տարածք և պետական սեփականություն հանդիսացող 10.526 քմ մակերեսով հողամասն առգրավվել է նաև 2010-2015թթ., նշված հողամասում առանց կառուցապատման իրավունքի առանձնատուն է կառուցվել հայտարարագիր ներկայացնելու պարտավոր անձի կողմից: 2016 թվականի դեկտեմբերի 12-ին միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի կողմից անցկացված մրցույթի արդյունքում միակ հաղթող է ճանաչվել Երևանի բնակիչ Բենիամին Սուրենի Ղալեչյանը: Նշված հողատարածքը նրան տրամադրվել է վարձակալության և կառուցապատման իրավունքով՝ 25 տարի ժամկետով, երկու տարվա ընթացքում 250 մլն դրամի ներդրմամբ՝ հանգստի գոտի կառուցելու համար: Նախաքննությամբ պարզվել է նաև, որ "Սևան ազգային պարկ" ՊՈԱԿ-ի տարածք մտնող, պետական սեփականություն հանդիսացող վերը նշված հասցեում գտնվող 10.526 քմ մակերեսով հողամասը և դրա վրա ապօրինի կառուցված առանձնատունը 2010թ. - ից փաստացի գտնվում են հայտարարագիր ներկայացնելու պարտավոր անձի տիրապետության տակ: Աննա Վարդապետյանը հավելել է, որ Սեյրան Օհանյանը 2008թ. ապրիլի 14-ից մինչև 2016թ. սեպտեմբերի 9-ը, զբաղեցնելով պաշտպանության նախարարի պաշտոնը, առանց օրինական հիմքերի տիրացել է տվյալ հողամասին՝ կառուցապատման իրավունքի բացակայության պայմաններում դրա վրա կառուցելով ապօրինի շինություններ: