Արմինֆո."Անհաջող պատերազմից հետո Փաշինյանը Հայաստանում արեց այն, ինչ ես չարեցի 2011-2012 թվականներին. նա կալանավորեց հայկական Իվանիշվիլիին (Բիձինա Իվանիշվիլին կառավարող "Վրացական երազանք" կուսակցության հիմնադիրն է - խմբ.), միլիարդատեր Կարապետյանին (նկատի ունի Սամվել Կարապետյանին) ", - գրել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին՝ "Ֆեյսբուքի" իր էջում, հավելելով, որ Փաշինյանը պաշտոնապես ընտրել է ԵՄ անդամակցության ուղին:
Սահակաշվիլի համզմամբ՝ այն, ինչ տեղի է ունենում Հարավային Կովկասում, Ուկրաինայում Ռուսաստանի թուլացման ուղղակի հետևանքն է: "Բաքուն սկսել է համագործակցել ՆԱՏՕ-ի հետ, Ադրբեջանը Ռուսաստանին համարում է ուղղակի սպառնալիք և ակտիվ գործողություններ է ձեռնարկում իր քաղաքական, տնտեսական և մշակութային տարածքը ռուսական ազդեցությունից մաքրելու ուղղությամբ: Բացի այդ, Ադրբեջանն ու Հայաստանը սկսել են մերձենալ, ինչը ծանր հարված է Ռուսաստանի համար", - գրել է Վրաստանի նախկին նախագահը։
Այս իրավիճակում, նրա ասելով, Վրաստանում տիրում է կատարյալ անոմալիա։ Մի կողմից, "հասարակությունն սկսել է ատել Իվանիշվիլիին և նրա ավազակախմբին, իսկ այդ ավազակախմբի բռնությունները, անամոթությունն ու անարդարությունն իրավամբ համոզում են վրացիներին, որ միջազգային մեկուսացումն իրենց համար կործանարար է"։ "Այս իրավիճակում մենք բոլորս հասկանում ենք, որ այսպես շարունակվել չի կարող, և ինչ-որ բան տեղի կունենա։ Սակայն, մենք պետք է հասկանանք, որ այդ "ինչ-որ բանն" ինքնին տեղի չի ունենա: Հասարակության ակտիվ հատվածը պետք է նախաձեռնություն ցուցաբերի և դադարի քայլել նույն շրջանով։ Աշխարհաքաղաքական գործընթացները մեզ շատ են օգնում, բայց երերալու ժամանակ էլ չունենք։ Առաջնորդների պակասի պայմաններում ինքնակազմակերպումը միակ ճիշտ ելքն է", - նշել Է Սահակաշվիլին։