Արմինֆո. ՀՀ քննչական կոմիտեի՝ պետության, սահմանադրական կարգի հիմունքների եւ հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում 2025 թվականի մարտի 18-ին ստացվել է ՀՀ ԱԱԾ սահմանադրական կարգի պահպանման եւ ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության ավագ օպերլիազորի պատշաճ հաղորդումն այն մասին, որ Վազգեն Պետրոսի Գալստանյանը, Արթուր Լավրենտի Սարգսյանը, Մովսես Ռուբենի Շարբաթյանը, Հայկ Սամվելի Շահնազարյանը, Տիգրան Վահեի Թոփալյանը, Իգոր Թադեւոսի Սարգսյանն այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ 2024 թվականի հուլիսից 2025 թվականի մարտի 14-ն ընկած ժամանակահատվածում նախապատրաստվել են իրականացնել ահաբեկչություն եւ իշխանության յուրացում: ԱԺ հաղորդագրության համաձայն, այդ մասին ասել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ հուլիսի 7-ին ԱԺ արտահերթ նստաշրջանի ընթացքում ներկայացնելով ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում ներկայացնելու վերաբերյալ միջնորդագիրը:
Գլխավոր դատախազի խոսքով կատարված քննությամբ ձեռք են բերվել բավարար փաստեր, որոնք հիմք են տալիս ՀՀ ԱԺ ութերորդ գումարման պատգամավոր Արթուր Լավրենտի Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ նախապատրաստել է ահաբեկչություն եւ իշխանության յուրացում: «ՀՀ-ում իշխանությունը զավթելու իրենց հանցավոր նպատակն իրագործելու նպատակով Արթուր Սարգսյանը, Վազգեն Գալստանյանը եւ հանցավոր խմբի մյուս անդամները պլանավորել են կատարել ահաբեկչություն, այն է՝ քաղաքացիական անձանց կյանքից զրկելու, առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու եւ այլ ծանր հետեւանքներ առաջացնելու վտանգով զուգորդված հանրավտանգ արարքներ՝ այդ կերպ նպատակ հետապնդելով ահաբեկել բնակչությանը, բնակչության շրջանում առաջացնել անկառավարելի վիճակ, կազմալուծել հանրային իշխանության մարմինների գործունեությունը եւ Սահմանադրությամբ սահմանված կարգով ՀՀ իշխանությունը ստանձնած անձանց հարկադրել հրաժարվել դրանից»,- նշել է Աննա Վարդապետյանը:
Գլխավոր դատախազը միջնորդել է տալ համաձայնություն ՀՀ ԱԺ ութերորդ գումարման պատգամավոր Արթուր Լավրենտի Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ:
Հարց տալու համար հերթագրվել էր երեք տասնյակից ավելի պատգամավոր: Աննա Վարդապետյանը պատասխանել է նրանց հարցերին:
Հարցի քննարկումը կշարունակվի հուլիսի 8-ին: