Արմինֆո. Հայ-ռուսական համալսարանի դասախոս, քաղաքագետ Կարեն Իգիթյանին արգելել են մուտք գործել Հայաստան: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է ինքը՝ Իգիթյանը։
"Այսպիսով, բարեկամներ, իմ մուտքը Հայաստան արգելված է։ Երևան էի վերադառնում Պյատիգորսկից, որտեղ մասնակցել էի "Կովկասյան երկխոսությանը", խոսել էի այն արմատականության մասին, որը Թուրքիան տարածում է Կովկասում։
Հայաստան ժամանելուն պես ԱԱԾ սահմանապահ զորքերի աշխատակիցները հայտարարեցին, որ իմ մուտքը երկիր արգելված է։ ԱԱԾ և օդանավակայանի անվտանգության ծառաայության աշխատակիցներին՝ ոչ մի հարց. իրենց պահել են առավելագույնս կոռեկտ և պրոֆեսիոնալ։ Իսկ ահա Հայաստանում կառավարող ուժերին հարցեր կան՝ հռետորական։
Ո՞րն է արգելքի պատճառը: Այն, որ ԶԼՄ-ներում հանդես եմ եկել ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու՞: Թե՞, որ խոսել եմ Թուրքիայի կողմից տարածվող արմատականության մասին։
Ես ապրել և աշխատել եմ Հայաստանում վերջին 16 տարիներին ։ Ափսոս, որ հիմա չեմ հանդիպի հարազատներիս, գործընկեր-դասախոսների, ընկերներիս և ուսանողների հետ։ Դասախոսները կհասկանան, թե ինչն է հատկապես վրդովում այս իրավիճակում. անհանգստանում ես այն տղաների համար, ովքեր սպասում էին մեր դասախոսություններին, ուզում էին դիպլոմային աշխատանքներ գրել իմ ղեկավարությամբ:
Ամեն դեպքում, սա ոչ թե վերջն է, այլ՝ նոր փուլի սկիզբը։ Կապի մեջ կլինենք", - գրել է քաղաքագետը։
Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Հայաստանի իշխանություններն արգելում են հայերի մուտքը երկիր։ Ավելի վաղ նման ճակատագրի էր արժանացել քաղաքագետ Անդպանիկ Հովհաննիսյանը, Ֆրանսիայի հայ համայնքի ղեկավար, դաշնակցական Մուրադ Փափազյանը և ՀՅԴ մի շարք այլ ակտիվ անդամներ արտերկրում, որոնք քննադատում են Հայաստանի գործող իշխանություններին և նրանց քաղաքական գիծը: