Արմինֆո. Հայաստանի ԱԳՆ-ն արձագանքել է ռազմական նպատակներով հայկական տարածքի հնարավոր օգտագործման մասին պնդումներին։
«Ի պատասխան մամուլում տեղ գտած որոշ մտացածին լուրերի՝ Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է իր սկզբունքային դիրքորոշումը, որ ՀՀ տարածքը չի կարող օգտագործվել երրորդ պետությունների կողմից հարևան պետություններից որևէ մեկի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար», - գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։
Ավելի վաղ Ուկրաինայի ՊՆ հետախուզության գլխավոր վարչությունը հանդես էր եկել պնդմամբ, թե ՌԴ-ն, իբր, ընդլայնում է իր ռազմական ներկայությունը Հայաստանում՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների սրման ֆոնին: Մասնավորապես, թե՝ իբր, Կրեմլն արագացրել է Գյումրիի իր ռազմակայանի համալրումը ՝ Հարավային Կովկասում իրավիճակի ապակայունացման նպատակով։