Արմինֆո. UNESCO-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում ներառված Անիի հնագիտական վայրում գտնվող Անիի Մայր տաճարը վերանորոգումից հետո գործելու է որպես մզկիթ։ Այդ մասին գրում է ermenihaber.am-ը՝ հղում անելով
Թուրքիայի «Anadolu» պետական լրատվական գործակալությանը:
Աղբյուրի համաձայն, բացարձակապես չի նշվում, որ միջնադարյան այդ քաղաքն ու եկեղեցին հայկական են։ Անիի Մայր տաճարը ներկայացվում է որպես Ֆեթհիյե մզկիթ։ Բայց և նշվում է, որ տաճարի ճարտարապետը Տրդատն է։
«Մենք Տրդատին ճանաչում ենք նաև որպես Ստամբուլի Այա Սոֆիա մզկիթի գմբեթը վերանորոգած ճարտարապետ։ Տրդատը Անիից հրավիրվել է Ստամբուլ, վերանորոգել է Այա Սոֆիայի գմբեթը, ապա վերադարձել Անի և ավարտին հասցրել այս կառույցը»,- ասում է Անիի հնագիտական վայրի պեղումների ղեկավար Մուհամմեդ Արսլանը։