Արմինֆո. Հայաստանում կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունն Ազգային ժողովում բեմադրում է Մառլեզոնյան բալետի հերթական մասը: Այս մասին Facebook-ի ուղիղ եթերում հայտարարել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Նրա խոսքով՝ քիչ առաջ ինքը դուրս է եկել Քննչական կոմիտեի շենքից, որտեղ "Սրբազան պայքար" բողոքի շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակում արդեն 15 մարդ է ձերբակալվել: "Այսօր այդ ցանկին գումարվեց հասարակական-քաղաքական գործիչ Վահագն Չախալյանը։ Շուտով կավարտվի Մառլեզոնյան բալետի հերթական մասը խորհրդարանում, որտեղ քննարկվում է Արթուր Սարգսյանի հարցը: Այնպես որ՝ չի բացառվում, որ ձերբակալվածների և կալանավորվածների թիվը մոտենա 17 - ի", - նշել է փաստաբանը։
Մելիքյանը հավելել է, որ Վահագն Չախալյանը դիմել է իր փաստաբանը դառնալու խնդրանքով: "Բայց, հաշվի առնելով մեծ ծանրաբեռնվածությունը, ինչպես նաև, նկատի ունենալով օրենսդրության պահանջը, որ մեկ ձերբակալված կամ կալանավորված անձը պետք է ունենա մեկ փաստաբան, ես Չախալյանին խորհուրդ տվեցի առայժմ ներգրավել հանրային փաստաբան, մինչև իրավիճակը պարզվի", - ընդգծել է Ռուբեն Մելիքյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ փաստաբան Սերգեյ Հարությունյանը լրագրողներին հաղորդել էր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին ահաբեկչություններ, զանգվածային անկարգություններ և իշխանության զավթում նախապատրաստելու մեղադրանքներ ներկայացնելու մասին: Փաստաբանն ընդգծել էր, որ և ինքը, և իր պաշտպանյալն իրեն առաջադրված մեղադրանքները համարում են քաղաքական հետապնդում: Ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ "Սրբազան պայքար" շարժման շրջանակներում, որի նախաձեռնողն ու ղեկավարը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն է, նախապատրաստվել է իշխանությունը զավթելու և ահաբեկչություններ իրականացնելու ծրագիր: Քննչական կոմիտեի հրապարակած ձայնագրություններում տեղ են գտել ենթադրաբար Գալստանյանի և շարժման մյուս մասնակիցների հայտարարությունները պետական համակարգը կաթվածահար անելու, քաոս ստեղծելու և ոչ մեծ խմբերով արագ ուժային ակցիաներ անցկացնելու մասին ։