Արմինֆո. Կառավարության այօրվա նիստում հավանություն է տրվել «ՀՀ-ի և ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի միջև ստորագրված 2015 թ. հուլիսի 7-ի շրջանակային համաձայնագրում և կից դրամաշնորհային կանոնակարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նամակ-համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին:
Կառավարության հաղորդագրության համաձաայն, նշված փոփոխությունները ուղղված են հստակեցնելու դրամաշնորհային ծրագրերի իրականացման հետ կապված և շրջանակային համաձայնագրում ամրագրված հասկացությունները, ընթացակարգերը, կարգավորումները:
Ինչպես ասվում է փաստաթղթի հիմնավորման մեջ, Հայաստանի Հանրապետությունում ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամի (այսուհետ` Գլոբալ հիմնադրամ) կողմից ֆինանսավորվող տուբերկուլոզի և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարին ուղղված դրամաշնորհային ծրագրերի իրականացումը սկսվել է 2003 թվականին: Ծրագրերն ուղղված են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և տուբերկուլոզի կանխարգելմանը, հայտնաբերմանը, հետազոտմանը և բուժմանը, և այդ իմաստով հատկապես նշանակալից է դրամաշնորհային միջոցների հաշվին ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով և տուբերկուլոզով ապրող մարդկանց դեղորայքային ապահովումը, ախտորոշիչ նյութերի (թեստերի), բժշկական սարքավորումների ձեռքբերումը և այլն:
2003 թվականից մինչ 2024 թվականի դեկտեմբերի 31-ը Գլոբալ հիմնադրամի դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետությանը տրամադրվել է շուրջ 89,3 միլիոն ԱՄՆ դոլար: Ընթացիկ` 2025-2027թթ. «Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլոզի և ՄԻԱՎ/ՁԻԱՀ ծրագրերի հզորացում» դրամաշնորհային ծրագիրը մեկնարկել է 2025 թվականի հունվարի 1-ից: Ծրագրի իրականացման համար Հայաստանի Հանրապետությանը տրամադրվելու է 9,6 միլիոն ԱՄՆ դոլարի չափով դրամաշնորհ:
2015 թվականից ի վեր նշված դրամաշնորհային ծրագրերն իրականացվում են Գլոբալ հիմնադրամի և Հայաստանի Հանրապետության միջև կնքված Շրջանակային համաձայնագրի և դրան կից Դրամաշնորհային կանոնակարգի (այսուհետ` Շրջանակային համաձայնագիր) հիման վրա:
2024 թվականի ապրիլի 23-ին Առողջապահության նախարարությունում Գլոբալ հիմնադրամից ստացվել է առաջարկություն` փոփոխություններ և լրացումներ կատարելու Շրջանակային համաձայնագրում և դրան կից Դրամաշնորհային կանոնակարգում: Միաժամանակ, Առողջապահության նախարարությունը տեղեկացվել է, որ առաջարկվող փոփոխություններով և լրացումներով համաձայնագրեր արդեն իսկ ստորագրվել են Գլոբալ հիմնադրամի դրամաշնորհային ծրագրերն իրականացնող այլ երկրների հետ, և որ դրանք առանձնահատուկ չեն միայն Հայաստանի Հանրապետության համար: Նշված փոփոխությունները ուղղված են հստակեցնելու դրամաշնորհային ծրագրերի իրականացման հետ կապված և Շրջանակային համաձայնագրում ամրագրված հասկացությունները, ընթացակարգերը, կարգավորումները: